Համաժողովին բացման խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԵՄ գրասենյակի միջազգային համագործակցության պատասխանատու Ֆրանկ Հեսսը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը։

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ նմանօրինակ համաժողովի անցկացումը վաղուց հասունացած անհրաժեշտություն էր. «Երեխաներին գործընթացների ուղղակի մասնակից դարձնելն առանցքային նշանակություն ունի ոչ միայն աշակերտների, այլև նախարարության համար: Եթե ուզում ենք, որ կրթական բարեփոխումները լինեն նպատակային և իրականում օգտակար, նշանակում է՝ դրանք առանց աշակերտների մասնակցության չեն կարող իրականացվել»:

Աշակերտական համաժողովին շուրջ 180 սովորող է մասնակցել: Համաժողովի ընթացքում անցկացվել են պանելային քննարկումներ Երևանի և ՀՀ մարզերի դպրոցականների մասնակցությամբ, ինչպես նաև պլենար նիստ «Անվտանգ և ապահով կրթական միջավայրով ուսումնական տարի» թեմայով, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։

Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի կրթության մրցունակությանն ուղղված Եվրոպական միության կողմից տրամադրվող բյուջետային աջակցության շրջանակում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ:

 

Սկզբնաղբյուրը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *