Օրերս «Հայաստան» դաշինքի նախկին առաջնորդ Վահե Հակոբյանը և վերջինիս կինը՝ Էլիզաբեթ Պետրոսյանը, դատական հայց են ներկայացրել՝ ընդդեմ «Ժողովուրդ» թերթի՝ պահանջելով հերքել իրենց վերագրվող ինչ-ինչ կազմակերպություններում բաժնեմաս ունենալու հանգամանքը, ինչպես նաև վճարելու մեկական միլիոն դրամ՝ որպես զրպարտության դիմաց վնասի փոխհատուցում։
Հայցի բովանդակությունը ներկայացված է ստորև․
Պարտավորեցնել Պատասխանողին՝ «ԺՈՂՈՎՈՒՐԴ ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ-ին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում, հրապարակայնորեն հերքել Հայցվորներ՝ Վահե Հակոբյանի և Էլիզաբեթ Պետրոսյանի վերաբերյալ ներկայացված և զրպարտություն հանդիսացող հետևյալ փաստացի տվյալները.- «Հետք»-ի մեր գործընկերները բացահայտել էին, որ «Հագարի 2» անվամբ հէկ շահագործող «Հակարի» ՍՊԸ-ի սեփականատերերից է Կոմիտաս Կարապետյանի կինը՝ Մերի Կարապետյանը, ով ունի 25 % բաժնեմաս։ Ընկերության բաժնետերերից մեկը Արմենուհի Ղուկասյանն է՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովի կինը։ Արմենուհի Ղուկասյանն ընկերությունում ունի 25 % բաժնեմաս։ Մյուս բաժնետերը Էլիզաբեթ Պետրոսյանն է՝ Սյունիքի նախկին մարզպետ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի տնօրենների խորհրդի անդամ Վահե Հակոբյանի կինը: Նա ընկերությունում ունի 25 % բաժնեմաս։ Ընկերության բաժնետեր է նաև Անահիտ Ղալթախչյանը՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանի կինը: Հիշեցնենք, որ Ամբարյանը նախկինում եղել է ՀՀ զինվորական դատախազության հատկապես կարեւոր գործերով քննիչ, իսկ նրա եղբայրը դատախազության՝ կոռուպցիայի դեմ պայքարի վարչության պետ: Անահիտ Ղալթախչյանը «Հակարի» ընկերությունում ունի եւս 25 % բաժնեմաս։ Ներկայացված հաղորդման համաձայն՝ միայն այս 4 ընտանիքները 27 միլիոն դոլարի չափով յուրացում են կատարել «Արցախի ներդրումային հիմնադրամից։ Շարունակելի․․․» հերքման տեքստը armlur.am կայքում հրապարակելով (նույն եղանակով և ծավալով, ինչ զրպարտությունը պարունակող հրապարակումները), հերքման տեքստը «Հերքում Վահե Հակոբյանի և Էլիզաբեթ Պետրոսյանի վերաբերյալ» վերնագրելով, այն armlur.am կայքում առնվազն 1 տարի ժամկետով պահպանելով և դրա մեջ, բացի հերքման տեքստից, որևէ այլ տեքստ չավելացնելով։
Պատասխանող՝ «ԺՈՂՈՎՈՒՐԴ ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ-ից՝ հօգուտ Էլիզաբեթ Պետրոսյանի բռնագանձել 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ՝ որպես զրպարտության դիմաց վնասի փոխհատուցում։4․ Պատասխանող՝ «ԺՈՂՈՎՈՒՐԴ ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ-ից հօգուտ Վահե Հակոբյանի բռնագանձել 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ՝ որպես զրպարտության դիմաց վնասի փոխհատուցում։
Հավելենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում լրատվամիջոցի դեմ ներկայացվել է զրպարտության և նմանատիպ այլ հայտանիշներով 20-ից ավելի դատական հայց՝ ավելի քան 45 միլիոն դրամ վնասի փոխհատուցման պահանջով։
