2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո իշխանությունները ձեռնամուխ եղան բացահայտելու Ռոբերտ Քոչարյանի տարատեսակ ենթադրյալ հանցանքները։ Այդ ընթացքում Քոչարյանի մշտական ուղեկիցներից էր մասնավորապես Արմեն Թավադյանը, ով վերջին երկու տասնամյակներում հանրությանը հայտնի է որպես տարատեսակ բիզնեսների ղեկավար։
Քոչարյանի հետ կապված հարցերի ընթացքում Թավադյանին մեղադրանք է առաջադրվում երկու դրվագով (մարտի 1-ի դեպքերի վկաների կաշառում, հասարակական կարգի խախտում), որոնք ներկայացվում են ստորև․
1․Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Ռոբերտ Քոչարյանի մտերիմ, 2008թ․ մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված, այդ թվում նաև նշված գործից Ռ․ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ անջատված ու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործերով արդարադատության իրականացման, դատական համակարգի նորմալ գործունեության ապահովմանն ու գործով ճշմարտության բացահայտմանը խոչընդոտելու դիտավորությամբ 2019թ․ ամռանը նշված նպատակով Վարուժան Մկրտչյանի և Ռ․ Քոչարյանի այլ աջակիցների հետ ստեղծել են կազմակերպված խումբ։
2․Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ․ մայիսի 13-ին Երևան քաղաքի Գյուլիքեխյան 20 հասցեում գտնվող Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի վարչական շենքի առաջին հարկում քննությամբ դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը։
Եվ ահա վերջերս դատավոր՝ Կ․ Ֆարխոյանի կողմից այս երկու միացված գործերի շրջանակներում կայացվել է վճիռ․ (ստորև)
Արմեն Սերգեյի Թավադյանին մեղսագրվող 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքը վերաորակել, Արմեն Սերգեյի Թավադյանին մեղավոր ճանաչել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքում՝ առանց պատժի նշանակման:
Ամբաստանյալ Արմեն Սերգեյի Թավադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը:
Ապացույց ճանաչված այլ փաստաթղթերը պահել քրեական գործի հետ միասին:
Սույն դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ այն ստանալու պահից մեկամսյա ժամկետում:
