Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլեւ ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդույթ է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգիսը սիրո երազանքն իրականացնող Սուրբ է:
Ս. Սարգիս զորավարն իր որդու` Մարտիրոսի եւ 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կայսեր (285-337) կողմից կարգվում է իշխան եւ սպարապետ Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլեւ հիանալի քարոզիչ:
Սիրո բարեխոս Սուր Սարգսի տոնը այս տարի նշվելու է հունվարի 31-ին։ Եկեղեցական այս տոնը շարժական է համարվում․ նշվում է Սուրբ Զատիկից 63 օր առաջ, սովորաբար՝ հունվարի 18-ի և փետրվարի 23-ի միջակայքում՝ շաբաթ օրը։
Հայկական ավանդության համաձայն՝ երիտասարդները տոնի նախօրեին՝ հունվարի 30-ին, ամբողջ օրը ջուր չեն խմում, իսկ քնելուց առաջ ուտում են աղի բլիթը։ Իսկ ո՞վ պիտի պատրաստի աղի բլիթը։ Կա երկու վարկած․ առաջինի համաձայն՝ աղի բլիթը պետք է պատրաստի ամուսնացյալ եւ իրեն ամուսնական կյանքում երջանիկ համարող կինը, մյուս՝ երկրորդ վարկածի համաձայն՝ աղի բլիթը պետք է պատրաստի այրի կինը։
Ըստ ավանդության՝ երիտասարդ աղջիկը կամ տղան, աղի բլիթը ուտելուց հետո երազում տեսնում է իր ապագա ամուսնուն կամ կնոջը։
