ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը հայտարարել է, որ խնդրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մեկ շաբաթով չհարվածել Կիևին և Ուկրաինայի այլ քաղաքներին, քանի դեռ տարածաշրջանում ծայրահեղ ցուրտ է։
Ուկրաինայի մայրաքաղաքի վրա հարձակումները դադարեցնելու կոչը հնչում է այն ժամանակ, երբ Ռուսաստանը շարունակում էր թիրախավորել երկրի կարևորագույն ենթակառուցվածքները՝ ձմռան կեսին շատ բնակիչների թողնելով առանց ջեռուցման։
«Ես անձամբ խնդրել եմ նախագահ Պուտինին մեկ շաբաթով չհրթիռակոծել Կիևը և այլ քաղաքներ այս անսովոր ցրտի ժամանակ», – ասել է Թրամփը Սպիտակ տանը կայացած կաբինետի նիստի ժամանակ։
Թրամփը հավելել է, որ Պուտինը «համաձայնվել է դրան», սակայն Ռուսաստանից հաստատում չի եղել։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ պատվիրակությունները Աբու Դաբիում բանակցությունների ժամանակ քննարկել են էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները դադարեցնելու հարցը և հույս է հայտնել, որ համաձայնագրերը կիրականացվեն։
Սկզբնաղբյուրը՝ Euronews լրատվական կայք
