Առաջին անգամ արհեստական թոքային համակարգը կարողացել է 48 ժամ պահպանել հիվանդի կյանքը՝ սպասելով փոխպատվաստմանը: Գիտնականները դա անվանում են բժշկական առաջընթաց ԱՄՆ թիմի համար, որը նման բարդ դեպքերում կյանքեր փրկելու եզակի հնարավորություններ է բացում:
33-ամյա տղամարդը հոսպիտալացվել է 2023 թվականին և միացված է եղել արհեստական շնչառության սարքին, գրում է Planet Today-ը: Խնդրի պատճառը գրիպից հետո առաջացած բարդությունն էր՝ թոքային անբավարարության զարգացումը, որը հանգեցրել է նեկրոզային թոքաբորբի և սեպսիսի (արյան վարակման): Հակաբիոտիկները չեն օգնել, քանի որ բուժառուի մոտ լիակատար (resistance) դիմադրողականություն է զարգացել,- մեկնաբանում է Հյուսիսարևմտյան համալսարանի գիտաշխատող, նոր տեխնոլոգիայի հեղինակ Անկիտ Բհարատը:
Նման պահերին բժիշկները հայտնվում են երկընտրանքի առաջ. երկու թոքերի լրիվ հեռացումը կարող է դադարեցնել վարակը, սակայն առանց թոքերի խաթարվում է գազափոխանակությունը և արյան շրջանառությունը, ինչը կարող է հանգեցնել սրտի կանգի և մահվան:
Բհարատը մշակել է արհեստական թոքային համակարգ, որը կարող է ամբողջությամբ փոխարինել օրգանը, թթվածին մատակարարել արյանը և աջակցել արյան շրջանառությանը,-գրում է համալսարանի կայքը:
Թոքերի հեռացումից մեկ օր անց տղամարդու վիճակը բարելավվել է, և ժամանակավոր արհեստական համակարգը սկսելուց 48 ժամ անց նա կարողացել է հաջողությամբ ենթարկվել դոնորական թոքերի լիարժեք փոխպատվաստման։
Սկզբնաղբյուրը՝ Med.news լրատվական կայք
