Ուրբաթ՝ երեկոյան, Ղազախստանի Ակմոլայի մարզի Շչուչինսկ քաղաքում գազի պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, ևս մոտ 20-ը վիրավորվել են, հայտնել է տարածաշրջանային արտակարգ իրավիճակների վարչության մամուլի ծառայությունը։
«Բուրաբայի շրջանի Շչուչինսկ քաղաքում հինգհարկանի բնակելի շենքին կից միահարկ սրճարանում գազի պայթյուն է տեղի ունեցել, որին հաջորդել է հրդեհը։ Զանգը ստանալուց հինգ րոպե անց դեպքի վայր են ժամանել Ակմոլայի մարզի արտակարգ իրավիճակների վարչության ուժերն ու ռեսուրսները», – հայտնել է մամուլի ծառայությունը։
Մամուլի ծառայության տվյալներով՝ հրշեջները այրվող շենքից դուրս են բերել ութ գազի բալոն և փրկել ավելի քան 10 մարդու։ «Նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով վիրավորվել է մոտ 20 մարդ, իսկ վեցը՝ մահացել», – հայտնել է մամուլի ծառայությունը։
Մի քանի լրատվամիջոցներ ավելի ուշ հայտնել են յոթ մահվան մասին։
Արտակարգ իրավիճակների վարչության տվյալներով՝ հրդեհն ամբողջությամբ մարվել է, և փրկարարները մաքրում են փլատակները։ «Դեպքի պատճառներն ու հանգամանքները պարզվում են», – ասվում է հաղորդագրության մեջ։
Սկզբնաղբյուրը՝ Interfax լրատվական կայք
