Իրաքյան դիմադրության «Սարայա Ավլիա ադ-Դամ» խմբավորումը հարձակվել է Բաղդադի օդանավակայանում գտնվող ԱՄՆ Վիկտորիա ռազմաբազայի վրա,- հաղորդում է Mehr News-ը։
«Սարայա Ավլիա ադ-Դամը» շիական խմբավորում է, որը տեղակայված է Իրաքում։ Կազմակերպությունը հայտնի է Հյուսիսային Իրաքում՝ ԱՄՆ-ի դեմ իր գործողություններով։
2021 թվականին խմբավորումը ստանձնել է Էրբիլի վրա 2021 թվականի հրթիռային հարձակումների պատասխանատվությունը։
Նախկինում հաղորդվել էր, որ Իրանը հարձակվել է Իրաքում գտնվող Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտ գտնվող ՆԱՏՕ-ի Վիկտորիա ռազմաբազայի վրա։
Իրանի հեռարձակման կորպորացիայի (IRIB) տվյալներով՝ հարձակման արդյունքում խոցվել է ամերիկյան Palm Jet ինքնաթիռը և վնասվել է թռիչքուղին։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) մամուլի ծառայության տվյալներով՝ բազան հարձակման է ենթարկվել երեք կամիկաձե՝ անօդաչու թռչող սարքերով։
Սկզբնաղբյուրը՝ Iran.ru լրատվական կայք
