Նավթի գները երեքշաբթի օրը երրորդ օրն անընդմեջ աճել են, քանի որ Իրանի հետ ԱՄՆ-Իսրայել հակամարտության սրումը և Հորմուզի նեղուցով նավագնացության սպառնալիքները խորացրել են Մերձավոր Արևելքի նավթարդյունահանող հիմնական տարածաշրջանից մատակարարման խափանումների մտավախությունները, հաղորդում է Reuters-ը։
Brent տեսակի նավթի ֆյուչերսները GMT ժամանակով ժամը 04:00-ի դրությամբ վաճառվում էին մեկ բարելի դիմաց 79,44 դոլար գնով, ինչն ավելի է 1,70 դոլարով կամ 2,2%-ով։
Երկուշաբթի օրը գինը կտրուկ բարձրացել է մինչև 82,37 դոլար՝ հասնելով 2025 թվականի հունվարից ի վեր ամենաբարձր մակարդակին, սակայն հետո մասնակիորեն նվազել է՝ առևտուրը եզրափակելով 6,7% աճով։
Ամերիկյան West Texas Intermediate (WTI) տեսակի նավթի գինը աճել է 1,17 դոլարով կամ 1,6%-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 72,40 դոլարի։ Նախորդ առևտրային նստաշրջանին պայմանագիրը սկզբնապես բարձրացել էր մինչև 2025 թվականի հունիսից ի վեր ամենաբարձր մակարդակը, իսկ այնուհետև նվազել էր, բայց, այնուամենայնիվ, առևտուրը եզրափակել էր 6,3% աճով։
Վերլուծաբանները կանխատեսում են, որ նավթի գները առաջիկա օրերին կմնան բարձր, քանի որ շուկաների ուշադրությունը կենտրոնացած կլինի Մերձավոր Արևելքում հակամարտության սրման հետևանքների վրա։
Երկուշաբթի օրը Bernstein ընկերությունը 2026 թվականի համար Brent տեսակի նավթի իր գնային կանխատեսումը բարձրացրել է մեկ բարելի դիմաց 65-ից 80 դոլարի, սակայն գտնում է, որ հակամարտության ձգձգման ծայրահեղ դեպքում գները կարող են հասնել 120-150 դոլարի։
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
