Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ դատական առաջին նիստն այսօր է՝ մարտի 9-ին։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Ստամբուլի քաղաքապետի դեմ մեղադրական զեկույցը կազմված է 3900 էջից։ Ստամբուլի քաղաքապետի հետ միասին մեղադրվում են 402 անձ, որոնցից 106–ը կալանված։
Դատական առաջին նիստը տեղի է ունենում Սիլիվրիի բանտի տարածքում գտնվող դատարանում։
Դատական նիստին եկած Էքրեմ Իմամօղլուի կինը պահանջել է դատական նիստը ուղիղ եթերով ցուցադրել, սակայն պատասխանել են, որ դա անհնար է։
Նիստի ժամանակ դատավորը Ստամբուլի քաղաքապետին «դու»–ով է դիմել, ինչը բողոքի ալիք է բարձրացրել դահլիճում։ Էքրեմ Իմամօղլուի եւ դատավորի միջեւ լարված երկխոսության պատճառով դատական նիստը անորոշ ժամանակով դադարեցվել է։
Նշենք, որ Թուրքիայի նախագահի ընդդիմության գլխավոր թեկնածու, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն մեղադրվում է լիազորությունները չարաշահելու եւ կոռուպցիայի մեջ։
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
