Ընկույզի կեղևն ու կանաչ թաղանթը պարունակում են հզոր հակաօքսիդանտներ՝ ֆենոլային միացություններ և կարոտինոիդներ, որոնք կարող են պաշտպանել բջիջները բորբոքումներից և վնասվածքներից։ Նման եզրակացության են եկել Բարսելոնայի համալսարանի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Food & Function (F&F) ամսագրում։
Հետազոտողները վերլուծել են ընկույզի տարբեր մասերի՝ միջուկի, կեղևի և կանաչ արտաքին թաղանթի քիմիական կազմը։ Պարզվել է, որ բազմաթիվ կենսաակտիվ միացություններ պարունակվում են ոչ միայն ուտելի մասում, այլև այն տարրերում, որոնք սովորաբար դեն են նետվում։
Այսպիսով, պարզվել է, որ կեղևը հատկապես հարուստ է ֆենոլային միացություններով, մասնավորապես՝ էլագաթթվով և կատեխիններով։ Այս նյութերը հայտնի են իրենց հակաօքսիդանտային և հակաբորբոքային հատկություններով, ինչպես նաև նյարդային բջիջների պաշտպանական հատկությունները բարձրացնելու ունակությամբ։
Վերլուծությունը ցույց է տվել, որ չհասունացած ընկույզի կանաչ թաղանթը պարունակում է մեծ քանակությամբ կարոտինոիդներ՝ գունանյութեր, որոնք մասնակցում են բջիջների պաշտպանությանը վնասվածքներից։ Դրանց շարքում առանձնանում է β-կարոտինը, որը կարևոր դեր է խաղում իմունային համակարգի գործունեության մեջ։
Ընկույզի միջուկը միևնույն ժամանակ մնում է վիտամին E-ի գլխավոր աղբյուրը. սա ամենահայտնի բնական հակաօքսիդանտներից մեկն է, որը պաշտպանում է բջիջները ազատ ռադիկալների ներգործությունից։
Սկզբնաղբյուրը՝ Med.news լրատվական կայք
