Ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանը մարտի վերջին իսպանական հեղինակավոր Մալագայի կինոփառատոնում ճանաչվել է լավագույն դերասանուհի՝ բրազիլացի ռեժիսոր Ժոզե Էդուարդո Բելմոնտեի «Գրեթե ամայի» դրամատիկ թրիլլերում գլխավոր դերակատարման համար։
Այն պատմում է ճգնաժամ ապրող բրազիլացի ճարտարապետ Բենջամինի մասին, որի կյանքը փոխվում է Սարաֆյանի մարմնավորած խորհրդավոր կնոջ՝ Ավայի հետ հանդիպումից հետո։
«Ֆիլմի նկարահանումների ընթացքում միասին անցկացրած օրերը երազանքների լավագույն դրսեւորումն են: Աշխարհի տարբեր ծայրերից եկած ընտանիքները գտնում են միմյանց, որպեսզի ներգաղթի մասին գեղեցիկ պատմություն ներկայացնեն քաղաքում, որտեղ միանգամից մեզ ինչպես տանը զգացինք»,- գրել է դերասանուհին:
Սաֆարյանը նշել է, որ իր առաջին մրցանակն է «Լավագույն դերասանուհի» անվանակարգում. «Շնորհակալ եմ Մալագայի կինոփառատոնին։ Նշանակում է, որ Ավան հասավ ձեզ, եւ շնորհակալություն Ժոզե Էդուարդո Բելմոնտեին: Իմ խաղընկեր Դանիել Հենդլեր, սիրում եմ քեզ: Դու քո գործի վարպետն ես: Իմ հաջողությունն ուղղակի կերպով կախված է այն մարդկանցից, որոնց հետ աշխատում եմ»:
Սկզբնաղբյուրը՝ Bravo.am լրատվական կայք
