ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին։
«Հանդիպման ընթացքում վերահաստատեցինք Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն համագործակցության կարևորությունը հատկապես բնապահպանական և կլիմայական ուղղություններով, որոնք մեր գործընկերության առանցքային բաղադրիչներից են։
Քննարկել ենք համատեղ ծրագրերի ընթացքն ու առաջիկա առաջնահերթությունները։ Կարևորել ենք ԵՄ աջակցությամբ իրականացվող նախաձեռնությունները, որոնք ուղղված են կլիմայի փոփոխության մեղմացմանն ու հարմարվողականությանը, շրջանառու տնտեսության զարգացմանը, ջրային ռեսուրսների կառավարման բարելավմանը և Սևանա լճի պահպանությանը։
Ներկայացրել եմ շրջակա միջավայրի ոլորտում իրականացվող օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ շեշտադրելով ԵՄ չափանիշներին մոտարկման գործընթացը:
Քննարկել ենք նաև Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքները՝ կարևորելով ԵՄ-ի հետ սերտ և համակարգված համագործակցությունը։
Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք
