Գիտնականները պարզել են, որ արյան մեջ շաքարի մակարդակը վերահսկելու համար ավելի կարեւոր է ֆիզիկական բեռնվածության տեւողությունը, այլ ոչ թե դրա տեսակը կամ ինտենսիվությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Medicine & Science in Sports & Exercise (MSSE) ամսագրում։

Հետազոտությանը մասնակցել է 58 մեծահասակ մարդ, որոնց մոտ վերջերս ախտորոշվել է 2-րդ տեսակի շաքարային դիաբետ։ 26 շաբաթվա ընթացքում հետազոտողները հետեւել են նրանց ֆիզիկական ակտիվությանը ֆիթնես-թրեքերների օգնությամբ, ինչպես նաեւ ուսումնասիրել են գլյուկոզայի եւ գլիկացված հեմոգլոբինի, որը շաքարի երկարատեւ վերահսկման ցուցիչն է, մակարդակը։

Պարզվել է, որ մարզումների հենց երկարատեւությունն է առավել սերտորեն կապված ցուցիչների բարելավման հետ։ Միաժամանակ, ոչ վարժանքների ինտենսիվությունը, ոչ դրանց ձեւաչափը՝ ուժային, թե աերոբային, զգալի ինքնուրույն ազդեցություն չեն գործել։ Ավելի երկարատեւ մարզումների էֆեկտը հատկապես նկատելի է եղել ծրագրի առաջին շաբաթների ընթացքում։

Գիտնականների գնահատմամբ՝  վարժանքների միջին տեւողության ավելացումը 35-ից 45 րոպեի կապված է մոտ 0,3 տոկոսով գլիկացված հեմոգլոբինի մակարդակի նվազման հետ։ Չնայած այն բանին, որ էֆեկտն այնքան էլ մեծ չի թվում, մշտական մարզումների դեպքում այն կարող է էապես բարելավել առողջության ընդհանուր վիճակը։

Հեղինակներն ընդգծել են, որ արդյունքները թույլ են տալիս պարզեցնել խորհուրդները պացիենտների համար. մարզումների բարդ սխեմաների փոխարեն բավական է կենտրոնանալ ֆիզիկական ակտիվության ժամանակն ավելացնելու վրա։ Ավելի երկարատեւ, բայց հարմար վարժանքների սովորության ձեւավորումը կարող է դառնալ արյան մեջ շաքարի մակարդակի վերահսկման ամենաարդյունավետ ռազմավարություններից մեկը։

Սկզբնաղբյուրը՝  News.am  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *