Կակաոն կապում են մի շարք օգտակար ազդեցությունների հետ՝ սրտի ամրապնդումից և ծերացման դանդաղեցումից մինչև ճանաչողական գործառույթների բարելավում: Սակայն մասնագետները զգուշացնում են, որ ամեն ինչ միանշանակ չէ:
Մի շարք հետազոտություններ կակաոյի օգտագործումը կապում են առողջության վրա դրական ազդեցության հետ՝ նախևառաջ շնորհիվ ֆլավանոլների (հզոր բուսական կենսաբանական ակտիվ միացություններ և հակաօքսիդանտներ) և թեոբրոմինի (բնական դառը խթանիչ, որը պարունակվում է կակաոյի հատիկներում և շոկոլադում),- հայտնում է Euronews-ը:
Ընդ որում, կաթնային շոկոլադի սալիկը նույնը չէ, ինչ կակաոյի մաքուր աղացած հատիկները, և հնարավոր վտանգներն ու օգուտները կարող են էապես տարբերվել:
Կակաոն հարուստ է ֆլավանոլներով. միացությունների այս դասը պարունակվում է նաև տարբեր բույսերում ու բանջարեղենում և ասոցացվում է բազմաթիվ օգտակար ազդեցությունների հետ՝ հանդես գալով որպես հակաօքսիդանտ, հակաքաղցկեղային և հակաբորբոքային միջոց:
Մինչդեռ թեոբրոմինն ընդունակ է թափանցել արյունաուղեղային պատնեշով և, հանդես գալով որպես ադենոզինային ընկալիչների անտագոնիստ, ազդում է նեյրոգործոնների վրա ու բարելավում ճանաչողական գործառույթները:
Սննդային տեսանկյունից ամենաքիչ արժեքավորը սպիտակ շոկոլադն է. դրանում կա կակաոյի յուղ, բայց չկան կակաոյի պինդ մասնիկներ, փոխարենը շատ են ճարպն ու շաքարը:
Դեռ պարզ չէ, թե որքան շոկոլադ է պետք ուտել պոտենցիալ օգուտ ստանալու համար, և արդյոք վերամշակման ժամանակ ավելացվող մյուս բաղադրիչները, ինչպիսիք են շաքարը, կաթը և կակաոյի յուղը, չեն չեզոքացնում այդ օգուտը:
Սկզբնաղբյուրը՝ Med.news լրատվական կայք
