Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում անոթային վիրաբույժների Level Up թիմը Արգիշտի Արոյանի գլխավորությամբ կատարել է որովայնի աորտայի պրոթեզավորման բարդ վիրահատություն:

Բուժառուն բժշկական կենտրոն էր դիմել ողնաշարի և մեջքի ուժգին ցավերով: Մինչ այդ որոշ ժամանակ մեջքի ցավերի դեմ բուժում էր ստացել, բայց ապարդյուն:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում կատարված հետազոտությունը ցույց տվեց, որ խնդիրը ողնաշարը չէ, այլ որովայնային աորտան: Հիվանդը ուներ հազվադեպ հանդիպող անոմալիա՝ պայտաձև երիկամ: Հայտնաբերվեց որովայնի աորտայի անևրիզմա, որի շրջանում էլ միանում էին աջ և ձախ երիկամները:

Վիրահատության տարբերակներն ու ռիսկերը քննարկելուց հետո բժիշկները որոշեցին երիկամները պահպանել, և արհեստական անոթն անցկացնել երիկամների տակով:

Վիրահատությունը տեխնիկապես շատ բարդ էր ու բացառիկ, բայց փորձառու բժիշկների շնորհիվ բարեհաջող ավարտ է ունեցել, հետվիրահատական շրջանում հիվանդի մոտ չի դիտվել նույնիսկ երիկամային անբավարարության պատկեր:

Վիրահատությունից 10 օր անց հիվանդը դուրս է գրվել, գանգատներ չունի:

Պրոթեզավորված աորտան նրան կծառայի երկար տարիներ:

Սկզբնաղբյուրը՝ Med.news լրատվական  կայք

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *