Սմարթֆոնն առանց վերագործարկման աշխատում է շաբաթներով, երբեմն նույնիսկ ամիսներով, և թվում է, թե ամեն ինչ կարգին է: Սակայն ՏՏ փորձագետներն ավելի ու ավելի հաճախ են խորհուրդ տալիս չմոռանալ այս պարզ գործողության մասին: Runet-ի գլխավոր խմբագիր Վլադիմիր Զիկովը RT-ի հետ զրույցում բացատրել է, թե ինչու վերագործարկումը պարզապես ծես չէ, այլ իրականում օգտակար սովորություն:
Ի՞նչ է տեղի ունենում, երբ սմարթֆոնը երկար ժամանակ չի անջատվում
Ժամանակի ընթացքում համակարգում կուտակվում են մանր խափանումներ՝ կախված ֆոնային գործընթացներ, հիշողության արտահոսքեր, սխալներ դրայվերներում և չմաքրվող քեշ (cache): Այս ամենն աստիճանաբար «ուտում է» ռեսուրսները. հեռախոսն սկսում է դանդաղ աշխատել, ավելի արագ լիցքաթափվել, տաքանալ կամ կորցնել ցանցը: Վերագործարկումը ամենապարզ և արմատական միջոցն է՝ ամեն ավելորդ բան թոթափելու համար:
«Եթե սարքն սկսում է ավելի դանդաղ աշխատել, ավելի արագ լիցքաթափվել, գերտաքանալ կամ կորցնել կապը, ապա վերագործարկումը կարող է լուծել խնդիրը՝ առանց կարգավորումների զրոյացման կամ սպասարկման կենտրոն դիմելու անհրաժեշտության»,- նշել է Վլադիմիր Զիկովը:
Վերագործարկումից հետո սմարթֆոնը նորից է գրանցվում օպերատորի ցանցում, միանում Wi-Fi-ին և Bluetooth-ին. երբեմն դա անմիջապես բարելավում է կապի որակը: Բացի այդ՝ կրկնակի մեկնարկի ժամանակ ակտիվանում են համակարգային թարմացումները, որոնք կարող էին «կախված» մնալ ֆոնային ռեժիմում:
Որքա՞ն հաճախ վերագործարկել
Եթե հեռախոսն աշխատում է կայուն, շաբաթական մեկ անգամը բավարար է: Լիարժեք անջատումը (ոչ թե պարզապես էկրանի արգելափակումը) տալիս է նույն արդյունքը:
