ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը 2023 թվականի հոկտեմբերի 2-ին դատական հայց է ներկայացրել՝ ընդդեմ Էդգար Ղազարյանի՝ զպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջով։
Հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Վ․Հարությունյանը հայտնել է, որ Էդգար Ֆերդինանդի Ղազարյանը (այսուհետ՝ Պատասխանող) 06․09․2023 թվականին Facebook.com (հայերեն՝ Ֆեյսբուք կետ քոմ) սոցիալական կայքում (այսուհետ՝ Ֆեյսբուք սոցիալական կայք) իր անձնակա էջում տեղադրել է տեսանյութ (այսուհետ՝ Տեսանյութ)՝ հետևյալ վերնագրով՝ «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները․ Քաղաքական պատեհապաշտները, քաղաքական պատուհասները և քաղաքական պատուհասները»։ Տեսանյութի 09-րդ րոպե 31-րդ վայրկյանից մինչև 10-րդ րոպե 30-րդ վայրկյանը ընկած ժամանակահատվածում Պատասխանողը նշել է․
«Ես էսօր նրանց ներկայացնելուց, փորձեմ հնարավորինս հակիրճ, բաժանել եմ երեք պայմանական խմբի, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին՝ մի խմբում նրանք պատեհապաշտներն են, այսինքն մարդիկ, ովքեր ունեն սեփական բիզնես, բիզնես հետաքրքրություն, հիմնականում նախկինում եղել են կոռուպցիոներներ, կոռումպացված համակարգի ներկայացուցիչներ, իրենց ազգ, հայրենիք, ըտենց բաներ ոչինչ չի հետաքրքրում, իրենց հետաքրքրում է միայն իրենց անձնական նյութական շահը, և պատգամավոր են ընտրվել միայն այդ շահը հետապնդելու համար, այսինքն պատեհապաշտներ։
Մյուս խումբը դրանք պատուհասներն են, այսինքն մարդիկ, ովքեր իրենց գործունեությամբ, իրենց ակտիվ նախաձեռնողական թրքասիրությամբ, ազգակործան գործունեությամբ ունեն նախաձեռնող ագրեսիվ պահվածք, վտանգ են ներկայացնում․ սրանք պատուհասներն են»։
Տեսանյութի 11-րդ րոպե 39-րդ վայրկյանից մինչև 11-րդ րոպե 57-րդ վայրկյանը ընկած ժամանակահատվածում Պատասխանողը նշել է․
«Հիմա գանք առաջին խմբին՝ պատեհապաշտներ․ գործարար կամ կոռումպացված պատգամավորներ։ Բնականաբար այս ցանկի գլխավոր դերակատարը, որը շատ հանգիստ պատուհասների դասակարգման մեջ, դա Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն է»։
Շարունակելով ներկայացնել Հայցվորի վերաբերյալ տվյալներ՝ տեսանյութի 14-րդ րոպե 47-րդ վայրկյանից մինչև 14-րդ րոպե 52-րդ վայրկյանը ընկած ժամանակահատվածում Պատասխանողը նշել է․
«Պարզվում ա, որ նա նաև ամենամեծ կոռուպցիոներներից մեկն ա »։
Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Թիվ ԱՎԴ3/0058/02/23 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.11.2024 թվականի որոշման դեմ Էդգար Ղազարյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Արդյունքում Էդգար Ղազարյանը հրապարակել է հետևյալը՝
«Ես՝ Էդգար Ղազարյանս, զրպարտել եմ Ալեն Սիմոնյանին։ 06.09.2023թ.-ին ես «Ֆեյսբուք» սոցիալական կայքի իմ անձնական էջում կատարել եմ հրապարակում Ալեն Սիմոնյանի վերաբերյալ։
Հայտնում եմ, որ իմ ներկայացրած փաստերը չեն համապատասխանում իրականությանը, և ես զրպարտել եմ պարոն Սիմոնյանին»:
