Ավստրալացի ՏՏ ձեռնարկատեր Փոլ Քոնինգեմը փորձարարական մՌՆԹ-պատվաստանյութ է մշակել իր Ռոզի անունով շան քաղցկեղը բուժելու համար։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ թերապիայի ստանդարտ մեթոդները չեն օգնել։ Այս գաղափարը նա ստացել է ChatGPT չաթ-բոտի հետ բուժման հնարավոր տարբերակների քննարկման ժամանակ,- հայտնում է The Australian պարբերականը։
Քոնինգեմն իրականացրել է ուռուցքի ԴՆԹ-ի սեկվենավորում, համեմատել այն առողջ բջիջների գենոմի հետ և արհեստական բանականության գործիքների օգնությամբ որոշել այն մուտացիաները, որոնք կարող էին թիրախ դառնալ իմունային թերապիայի համար։ Այնուհետև նա կապ է հաստատել գիտնականների հետ, որոնք այդ տվյալների հիման վրա անհատականացված մՌՆԹ-պատվաստանյութ են սինթեզել։
Պատվաստանյութի ներարկումից հետո Ռոզիի ուռուցքները մի քանի շաբաթվա ընթացքում նկատելիորեն փոքրացել են, թեև լիարժեք ապաքինում դեռևս չկա: Այժմ սեփականատերն ու հետազոտողները աշխատում են պատվաստանյութի նոր տարբերակի վրա, որը կարող է ներազդել մնացած ուռուցքների վրա:
Գիտնականներն ընդգծում են, որ սա փորձարարական դեպք է, սակայն այն ցույց է տալիս անհատականացված մՌՆԹ-պատվաստանյութերի ներուժը, որոնք ապագայում կարող են կիրառվել նաև մարդկանց մոտ քաղցկեղի բուժման համար:
Սկզբնաղբյուրը՝ Med.news լրատվական կայք
