Neuropsychiatric Disease and Treatment ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ քրոնիկ տինիտուսը (ականջներում մշտական զնգոցը կամ աղմուկը) սերտորեն կապված է դեպրեսիայի և տագնապայնության հետ, ընդ որում՝ այդ կապն ուժեղանում է ախտանիշների ծանրությանը զուգահեռ։

Գիտնականները վերլուծել են առնվազն վեց ամիս սուբյեկտիվ տինիտուսով տառապող 100 չափահաս պացիենտների տվյալները։ Հիմնական նպատակն է հասկանալ, թե որքանով է ականջներում աղմուկի արտահայտվածությունն ազդում հոգեկան վիճակի վրա։

Արդյունքները բավականին խոսուն են եղել. որքան ուժեղ է արտահայտվել տինիտուսը, այնքան բարձր են եղել դեպրեսիայի և տագնապի մակարդակները։

Նույնիսկ այլ գործոնների հաշվառումից հետո այս կախվածությունը պահպանվել է։ Տինիտուսի ծանրության սանդղակով (THI) բարձր ցուցանիշներն ուղղակիորեն ասոցացվել են դեպրեսիայի և տագնապի ավելի արտահայտված ախտանիշների հետ։

Հատկապես կարևոր պահ է «դոզայի» էֆեկտը.

Որքան ծանր է տինիտուսը, այնքան բարձր է լուրջ հոգեկան խանգարումների ռիսկը։ Ծանր ձևեր ունեցող պացիենտների մոտ չափավոր կամ ծանր դեպրեսիայի հավանականությունն աճել է ավելի քան երեք անգամ, իսկ տագնապայնությանը՝ գրեթե երեք անգամ։

Ընդհանուր առմամբ, հետազոտության մասնակիցների մոտ մեկ երրորդն ունեցել է կլինիկորեն նշանակալի ախտանիշներ. մոտ 28%-ը՝ դեպրեսիայի, և 31%-ը՝ տագնապայնության:

Սկզբնաղբյուրը՝ Med.news  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *