Մարդիկ, որոնք ավելի միապաղաղ են սնվում և հավատարիմ մնում կայուն կալորիականությանը, ավելի արդյունավետորեն են քաշգցում, քան նրանք, ովքեր մշտապես փոխում են իրենց օրաբաժինը։ Նման եզրակացության է հանգել գիտնականների միջազգային թիմը։ Հետազոտությունը հրապարակվել է Health Psychology բժշկագիտական հանդեսում:
Հետազոտությունն անցկացվել է Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի (American Psychological Association) հովանու ներքո։ Դրան մասնակցում էին ավելորդ քաշից կամ ճարպակալումից տառապող 112 չափահասներ, որոնք 12 շաբաթ տևողությամբ քաշի կորստի ծրագիր էին ավարտել։ Մասնակիցները գրանցում էին իրենց բոլոր կերակուրները բջջային հավելվածում և ամեն օր կշռվում էին։
Գիտնականները գնահատել են երկու հիմնական ցուցանիշ՝ կալորիականության կայունությունը (որքանով է կալորիաների ընդունումը փոխվում օրեցօր) և օրաբաժնի կրկնությունը (որքան հաճախ է մարդն ուտում միևնույն կերակուրները)։
Արդյունքները ցույց են տվել, որ ավելի միապաղաղ ճաշացանկ ունեցող մասնակիցները միջինում կորցրել են իրենց մարմնի զանգվածի 5,9%-ը, այն դեպքում, երբ նրանք, ովքեր ավելի հաճախ են փոփոխել իրենց ճաշացանկը, միջինում կորցրել են իրենց մարմնի զանգվածի 4,3%-ը: Բացի դրանից` կալորիաների տատանումները ևս դեր են խաղացել. տատանումների յուրաքանչյուր 100 կկալ-ի աճը նիհարեցման արդյունավետությունը նվազեցրել է մոտավորապես 0,6%-ով:
Սկզբնաղբյուրը՝ Med.news լրատվական կայք
