Դաջվածքի թանաքի գունանյութերն ի վիճակի են տարածվել ամբողջ օրգանիզմով մեկ, կուտակվել ավշային հանգույցներում և երկարատև ազդեցություն ունենալ իմունային համակարգի վրա: Դրա մասին գրում է The Conversation-ը՝ հղում անելով նոր հետազոտությանը:

Դաջվածքի թանաքները բարդ քիմիական խառնուրդներ են՝ գունանյութեր, լուծիչներ, հավելանյութեր և հաճախ ծանր մետաղների խառնուրդներ, մասնավորապես՝ նիկել, քրոմ, կոբալտ և կապար: Այդ նյութերից շատերը սկզբնապես ստեղծվել են արդյունաբերական օգտագործման համար, այլ ոչ թե մարդու օրգանիզմ ներարկելու համար: Մաշկի մեջ գունանյութի մասնիկների ներմուծումից հետո իմունային բջիջները փորձում են հեռացնել դրանք, սակայն չեն կարողանում դա անել. հենց այդ պատճառով էլ դաջվածքը մնում է: Սակայն որոշ մասնիկներ տարածվում են լիմֆատիկ համակարգով:

Հետազոտությունները ցույց են տվել, որ գունանյութերն ի վիճակի են երկարատև բորբոքում առաջացնել: Հայտնաբերվել է նաև անսպասելի ազդեցություն. պատվաստանյութի ներարկման տեղում դաջվածքի թանաքի առկայությունը կարող է թուլացնել ներարկմանն իմունային պատասխանը: Հատկապես մտահոգիչ է ներկանյութերի կազմը. ազո ներկանյութերը կարող են քայքայվել ուլտրամանուշակագույն լույսի կամ լազերային հեռացման ժամանակ՝ առաջացնելով պոտենցիալ քաղցկեղածին միացություններ, մինչդեռ սև գունանյութերը հաճախ մուրի մեջ և արտանետվող գազերում հանդիպող նյութեր են պարունակում:

Փորձագետներն ընդգծում են, որ թեև դաջվածքները լուրջ հետևանքներ չեն առաջացնում մարդկանց մեծամասնության համար, դրանք չեն կարող լիովին անվտանգ համարվել: Գիտնականները կոչ են անում ավելի խիստ ստուգման ենթարկել թանաքի բաղադրությունը:

Սկզբնաղբյուրը՝ Med.news լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *