Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը նոր պայմանագիր է առաջարկել թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետային,- հաղորդում է BBC-ն։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։
Կողմերն արդեն սկսել են բանակցությունները, որոնք դրական ընթացք ունեն։ Արտետան ցանկանում է շարունակել համագործակցությունը, սակայն ակնկալում է մեծ ներդրումներ մրցունակ մնալու համար։
Արտետայի աշխատավարձը նոր պայմանագրով կհասնի տարեկան 20 միլիոն ֆունտ ստերլինգի՝ հավասարվելով «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի աշխատավարձին։ Այժմ Արտետան ստանում է տարեկան 10 միլիոն ֆունտ ստերլինգ։ Եվս 5 միլիոն նա ստանում է Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու համար։
Արտետան «Արսենալը» գլխավորում է 2019 թվականից։ Այս ընթացքում թիմը մեկ անգամ նվաճել է Անգլիայի գավաթը, երկու անգամ՝ սուպերգավաթը։
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
