Առավոտյան մեկ գավաթ սուրճը ոչ միայն արթնանալու միջոց է, այլև հնարավոր աջակցություն հոգեկան առողջությանը: Ֆուդանի համալսարանի (Fudan University) գիտնականները նոր հետազոտության շրջանակներում ուսումնասիրել են, թե ինչպես են օգտագործվող սուրճի քանակն ու տեսակը ազդում սթրեսային և աֆեկտիվ խանգարումների զարգացման ռիսկի վրա:
Վերլուծելով ավելի քան 400,000 մարդու տվյալներ՝ հետազոտողները պարզել են, որ սուրճի չափավոր օգտագործումը՝ օրական մոտ 2–3 գավաթ, կապված է տագնապի և դեպրեսիայի ամենացածր ռիսկի հետ: Արդյունքները հրապարակվել են Journal of Affective Disorders ամսագրում: Ընդ որում, պաշտպանիչ ազդեցությունն ավելի արտահայտված է եղել տղամարդկանց, քան կանանց մոտ:
Հոգեկան խանգարումները դառնում են համաշխարհային գլխավոր խնդիրներից մեկը: Այդ պատճառով գիտնականներն ավելի հաճախ են ուշադրություն դարձնում առօրյա սովորություններին, այդ թվում՝ սննդակարգին և ըմպելիքներին (որպես կանխարգելման հնարավոր միջոցների):
Սուրճը հետաքրքրություն է առաջացնում իր բաղադրության մեջ առկա կոֆեինի շնորհիվ. դա մի նյութ է, որն արգելափակում է ադենոզինը (ուղեղին փոխանցվող հոգնածության ազդանշանը) և բարձրացնում առույգությունը: Չափավոր քանակությամբ օգտագործելու դեպքում այն կարող է նաև բարձրացնել դոֆամինի մակարդակը, որը պատասխանատու է մոտիվացիայի և տրամադրության համար:
Սկզբնաղբյուրը՝ Med.news լրատվական կայք
