Ամբողջական լոլիկի հիմքով պատրաստված սննդային հավելումն ընդունակ է նվազեցնել լյարդում կուտակված ճարպը և արգելակել նյութափոխանակությամբ պայմանավորված ճարպային հիվանդության հետ կապված բորբոքային գործընթացները։ Նման եզրահանգման է եկել Իտալիայի Բրեշիայի համալսարանի հետազոտական խումբը։ Աշխատանքի արդյունքներով հեղինակները կիսվել են Journal of Translational Medicine (JTM) ամսագրում:
Մասնագետներն իրենց նոր ուսումնասիրությունը նվիրել են լյարդի բջիջների վրա հակաօքսիդանտներով հարստացված լոլիկի հավելումների ազդեցությանը։ Ինչպես հաղորդում է Planet Today-ը, պարզվել է, որ այն իջեցնում է բջիջներում կուտակվող լիպիդների, այդ թվում՝ տրիգլիցերիդների և խոլեստերինի էսթերների մակարդակը։ Նվազել է նաև բջիջների վնասման և բորբոքումների զարգացման հետ կապված նյութերի կոնցենտրացիան։
Բացի այդ՝ հավելումն արգելակել է այն սպիտակուցների ֆունկցիոնալությունը, որոնք նպաստում են հիվանդության զարգացմանը։ Խոսքը բորբոքումների, բջիջների մահվան և ֆիբրոզի առաջացման հետ կապված ազդանշանային մոլեկուլների մասին է. գործընթացներ, որոնք կարող են հանգեցնել լյարդի ցիռոզի և ուռուցքային հիվանդությունների:
Սկզբնաղբյուրը՝ Med.news լրատվական կայք
