Եվրախորհրդարանի կիպրացի անդամ Կոստաս Մավրիդեսը կարծում է, որ Հայոց ցեղասպանությունը պետք է դիտարկել ոչ միայն որպես պատմական հիշողության հարց, այլև որպես դաս հայ ժողովրդի և բոլոր քաղաքակիրթ ազգերի ներկայի և ապագայի համար։ Այս մասին պատգամավորը հայտարարել է Բրյուսելում «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։
«Եվրոպական խորհրդարանը բազմիցս կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ մարդկության ամենասարսափելի վայրագություններից մեկը։ Իմ խորհրդարանական աշխատանքի և եվրոպական կառույցներում մասնակցության միջոցով ես պաշտպանել և կշարունակեմ պաշտպանել պատմական ճշմարտությունը, զոհերի համար արդարադատությունը և հայ ժողովրդի պայքարը։ «Թուրքիայում Հայոց ցեղասպանության շարունակական ինստիտուցիոնալ ժխտումը մարդկության դեմ ուղղված հանցագործության շարունակությունն է և, միևնույն ժամանակ, պաշտոնական քաղաքականություն, որը հիմք է հանդիսանում նման հանցագործությունների կրկնության համար ապագայում», – ասել է պատգամավորը։ Նա հիշեցրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանությունը, որը, ինչպես ընդգծել է պատգամավորը, տեղի է ունեցել Թուրքիայի աջակցությամբ և ուղեկցվել է Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությամբ։
Սկզբնաղբյուրը՝ Armpress.am լրատվական կայք
