Ազգային ժողովում քննարկվել է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը:
Ներկայացնելով նախագիծը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ օրենսդրական փաթեթի հիմնական նպատակը նախադպրոցական կրթության հնարավորությունների ընդլայնումն է։
Մասնավորապես նախատեսվում է, որ երեխաները նախակրթարան հաճախելու հնարավորություն կունենան ոչ թե 5 տարեկանից, ինչպես գործող կարգավորումներով է, այլ 4 տարեկանից։ Իսկ այն բնակավայրերում, որտեղ գործում է միայն մեկ նախակրթարանային ծառայություն, երեխաները հնարավորություն կունենան հաճախել նաև 3 տարեկանից։
Բացի այդ՝ միասնական ստանդարտ է սահմանվում կրթական հաստատությունների ղեկավարման իրավունքի հավաստագրման գործընթացի համար։ «Սա հնարավորություն է տալիս ընդլայնելու մրցակցությունը և կադրերի ընտրության հարցում կատարելու ավելի մրցակցային ընտրություն, ինչն էլ էական ազդեցություն կունենա ուսումնական հաստատությունների գործունեության որակի վրա»,- ներկայացրել է ԿԳՄՍ նախարարը։
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցման փուլում իրականացվել են մի շարք փոփոխություններ, հիմնականում խմբագրական բնույթի։ Կատարվել է նաև մեկ էական լրացում, որը վերաբերում է «Հանրակրթության մասին» օրենքի 31-րդ հոդվածին և կոչված է հստակեցնելու մեկ լիազոր մարմին ունենալու դրույթը։ Այդ դրույթն արդեն իսկ քվեարկել է Ազգային ժողովը և հանդիսանում է գործող կարգավորում։
«Այս տարվա սեպտեմբերից մարզային բոլոր դպրոցներն անցնելու են ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո։ Այդ իսկ պատճառով առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ կատարվել են նաև որոշ փոփոխություններ մարզպետի աշխատակազմերի և նախարարության գործառույթների հստակեցման վերաբերյալ, որպեսզի սեպտեմբերից գործընթացը կազմակերպվի անխափան և սահուն»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը:
ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը:
Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք
