Արցախի Հանրապետություն, հայկական պետություն Հայկական Լեռնաշխարհի արևելքում՝ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական տարածաշրջանում։

Այն ՄԱԿ-ի անդամ երկրների կողմից պաշտոնապես չճանաչված պետություն է։ Ճանաչված է միայն մասամբ ճանաչված Աբխազիայի ՀանրապետությանՀարավային Օսիայի Հանրապետության և Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետության կողմից։

Հայաստանը համարվում է Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը։

44-օրյա պատերազմից հետո Արցախի վերահսկողության տակ էր մնացել նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մի մասը (առանց Շուշիի շրջանի մի մասի և Հադրութի շրջանի) և պետությունը Հայաստանին կապող Բերձորի մարդասիրական միջանցքը, որը համաձայնագրով Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորամիավորման վերահսկողության գոտին էր։ Այդ ժամանակ պետությունն ամբողջությամբ շրջապատված էր Ադրբեջանի զինված ուժերի հետ շփման գծով։

Արցախի վրա 2023 թվականի Ադրբեջանի ներխուժման հետևանքով Արցախի Հանրապետությունում իրականացվել է հայերի էթնիկ զտումներ, իսկ տարածքն ամբողջությամբ անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Արցախի Հանրապետության մայրաքաղաքը և ամենախոշոր քաղաքը Ստեփանակերտն է, որը նաև երկրի վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնն էր։

Արցախի Հանրապետությունը պատմականորեն զբաղեցնում է Մեծ Հայքի Արցախ նահանգի գրեթե ամբողջ տարածքը, ինչպես նաև Սյունիք և Ուտիք նահանգների փոքր մասը։ Հայ մեծանուն պատմաբան Լեոն Արցախը համեմատել է «հսկայական միջնաբերդի» հետ, առանց որի «անհնար է երևակայել Հայաստանի սրտի, այն է՝ Արարատյան երկրի պաշտպանությունը»։

1994–2020 թվականներին Արցախի վերահսկողության տակ էին գտնվում նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզըՇահումյանի շրջանի մի մասը և նրանց շրջապատող շրջանները, որոնք հայտնի էին նաև «Արցախի անվտանգության գոտի» անվամբ։

Արցախի աշխարհագրական դիրքը լեռնային է։ Ամենաբարձր կետը Գոմշասարն է՝ 3724 մետր բարձրությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *