Այն մարդիկ, որոնք նախկինում սրտի կաթված են տարել, կարող են ունենալ կոգնիտիվ ֆունկցիաների՝ հիշողության, մտածողության և այլ մտավոր կարողությունների ավելի արագ անկում: Դրա մասին նշվում է հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են Stroke ամսագրում:
Գիտնականները վերլուծել են ավելի քան 20 հազար չափահաս մասնակցի տվյալները և հետևել նրանց կոգնիտիվ ցուցանիշներին մոտ տասը տարվա ընթացքում:
Պարզվել է, որ նրանք, ովքեր նախկինում տարել են սրտամկանի ինֆարկտ, կոգնիտիվ խանգարումների զարգացման ավելի բարձր հավանականություն ունեն, իսկ մտավոր ֆունկցիաների անկման տեմպերն ավելի արագ են՝ համեմատած նման անամնեզ չունեցող մարդկանց հետ: Հատկապես նկատելի է եղել կապը տարած ինֆարկտի և հիշողության ու մտածողության արագության վատթարացման միջև:
Հետազոտողները նշում են, որ կոգնիտիվ ֆունկցիաների վատթարացումը կարող է սկսվել ոչ միայն սրտանոթային իրադարձություններից հետո, այլև արտացոլել օրգանիզմի անոթային ծերացման ավելի ընդհանուր գործընթացը:
Աշխատանքի հեղինակներն ընդգծում են, որ սրտի կաթվածը կարող է լինել անոթների ավելի համակարգային ախտահարման ցուցիչ, ներառյալ ուղեղի անոթները: Ըստ նրանց՝ հենց սա կարող է բացատրել նման բուժառուների կոգնիտիվ ֆունկցիաների արագացված անկումը:
Միևնույն ժամանակ, խոսքը վիճակագրական կապի մասին է, այլ ոչ թե պատճառահետևանքային մեխանիզմի ուղղակի ապացույցի: Հետազոտողները նաև նշում են հետագա ուսումնասիրությունների անհրաժեշտությունը՝ պարզելու համար, թե արդյոք սրտանոթային հիվանդությունների կանխարգելումը և ռիսկի գործոնների վերահսկումը կարող են դանդաղեցնել կոգնիտիվ ծերացումը:
Սկզբնաղբյուրը՝ Med.news լրատվական կայք
