Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 ռազմավարությամբ սահմանվել է 6 հիմնական գերակայություն՝ միտված գենդերային հավասարության ոլորտում բարեփոխումների իրականացմանն ու առկա խնդիրների հասցեագրմանը։

«Արմենպրես Podcast» նախագծի շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ Արմինե Ալավերդյանը մանրամասնեց, որ առաջին ուղղությունը վերաբերում է որոշումների կայացման գործընթացում կանանց առաջխաղացմանը։  Երկրորդ կարևոր առաջնահերթությունն աշխատաշուկայում առկա գենդերային խզվածքի հաղթահարումն է, քանի որ Հայաստանում կանանց զբաղվածության մակարդակը դեռևս զիջում է տղամարդկանց ցուցանիշներին։

Ռազմավարության հաջորդ բաղադրիչը կրթության և գիտության ոլորտում գենդերային հավասարության հաստատումն է, մասնավորապես՝ բարձր վարձատրվող ոլորտներում կանանց ներգրավվածության խթանումը։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաև խոցելի խմբերի կանանց համար առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովմանը։

Առանցքային ուղղություններից մեկն էլ կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեմ պայքարն է։ Այս ոլորտում նախատեսվում է ինչպես աջակցության մեխանիզմների, այնպես էլ պաշտպանության միջոցների կատարելագործում։

Գենդերային հավասարության ոլորտում Հայաստանը սահմանել է նաև  առաջնահերթություն՝ կլիմայական փոփոխությունների հետևանքով հատկապես կանանց ու խոցելի խմբերի վրա ծանր անդրադարձող բացասական ազդեցությունների հաղթահարման վերաբերյալ։

Անդրադառնալով, մասնավորապես, ընտանեկան բռնության վիճակագրությանն ու պետական աջակցության ծրագրերին՝ Ալավերդյանը նշեց, որ այս ուղղությամբ նախարարությունը ՀՀ բոլոր մարզերում և Երևանում ապահովում է մասնագիտացված աջակցության ծառայություններ։

Սկզբնաղբյուրը՝ Armenpress  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *