Նախորդ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով իշխանափոխություն անել չհաջողվեց, բայց մենք կարողացանք զգալի ներկայություն ապահովել խորհրդարանում։ Այս մասին ռուսական «ՌԲԿ» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա հիշեցրել է, որ նախորդ ընտրությունների արդյունքներով «Հայաստան» դաշինքը դարձել է խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր ուժը։
«Ինչո՞ւ ենք մենք հիմա գնում ընտրությունների։ Որովհետև Կառավարության քաղաքականությունն ամենևին չի փոխվել։ Մենք համաձայն չենք այն ամենի հետ, ինչ կատարվում է Հայաստանում։ Ինչո՞ւ ես։ Որովհետև մեր կոալիցիան նույնն է մնացել։ Մենք իսկապես ուզում էինք հստակություն մտցնել և սոցիոլոգիական հետազոտություն անցկացրինք՝ հասկանալու համար, թե ում առաջնորդությունն է ընտրազանգվածի տեսանկյունից ամենահեռանկարայինը։ Առայժմ՝ իմը», – նշել է Քոչարյանը։
Նա հավելել է, որ եթե պատկերն այլ լիներ, ապա այս դաշինքի առաջնորդն էլ այլ կլիներ։
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
