Դեռևս մինչև 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարության ստորագրումը, Ղարաբաղն, անշուշտ, հնարավոր էր փրկել՝ պահպանելով այդ պահին գոյություն ունեցող կառուցվածքը։ Այս մասին ռուսական «ՌԲԿ» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանություններն ունեն շատ պարզ սխեմա, որով բացատրում են այն, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում. «Այնտեղ ռուս խաղաղապահներն էին, ինչո՞ւ նրանք չպաշտպանեցին հայերին»։
Նա հավելել է, որ Ղարաբաղը կորսվեց, որովհետև Նիկոլ Փաշինյանը (ՀՀ վարչապետ – խմբ․) 2022 թվականի հոկտեմբերի 6-ին առանց Ռուսաստանի հետ խորհրդակցելու` ստորագրեց մի հայտարարություն, որով Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս։ «Ռուս խաղաղապահներն ապահովում էին Ղարաբաղի կենսագործունեությունը։ Դա շատ խարխուլ կառույց էր, որովհետև այն ամրագրված չէր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով, չկային խաղաղության պարտադրման մեխանիզմներ։ Այսինքն՝ մոդելն այնպիսին էր, որ Ռուսաստանի հովանու ներքո Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը համաձայնել էին խաղաղապահների ներկայությանը։ Բայց հենց որ կողմերից մեկը դուրս եկավ այդ կառուցվածքից, այն փլուզվեց», – նշել է Քոչարյանը։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանը Պրահայում կայացած բանակցություններով դուրս եկավ այդ կառուցվածքից, իսկ հետո հայտարարեց. «Եթե ուզում եք, Ադրբեջանի հետ պայմանավորվեք, Ղարաբաղի թեման արդեն իմը չէ»։
Հայաստանի վարչապետի թեկնածուն ընդգծել է, որ իշխանություններին շատ հաջող կերպով հաջողվեց այդ մեղքը բարդել Ռուսաստանի վրա, և քարոզչական տեսանկյունից ամեն ինչ աշխատեց։ «Եթե Ադրբեջանը ողջ Ղարաբաղը վերցնելու պլաններ ունենար, ապա ինչո՞ւ էր Բաքուն օդանավակայան կառուցում Ֆիզուլի քաղաքում և դրա մեջ մեծ միջոցներ ներդնում։ Մինչև Ղարաբաղի հանձնումը, Բաքուն Ֆիզուլիից Շուշի տանող ճանապարհ, թունելներ, էստակադաներ և այլ բաներ կառուցեց։ Եթե նրանք վստահ լինեին, որ դա իրենց հաջողվելու է, ինչո՞ւ էին նման միջոցներ ներդնում։ Ադրբեջանը հաշվարկել էր այդ կառուցվածքի երկարաժամկետ հեռանկարը», – վստահեցրել է նա։
Նախկին նախագահի կարծիքով՝ Հայաստանն այդ շրջանում անհեռատես վարվեց։ Նա հիշեցրել է, որ դա մի ժամանակահատված էր, երբ Ռուսաստանն ուկրաինական ճակատում որոշակի անհաջողություններ ուներ։ «Կարծում եմ՝ Հայաստանի իշխանություններին կա՛մ համոզեցին, կա՛մ նրանց թվաց, թե այնտեղ ամեն ինչ քանդվում է, Ռուսաստանը խրվում է անհաղթահարելի խնդիրների մեջ, և սա հենց այն ժամանակն է, որպեսզի «թռնեն» այդ պայմանավորվածություններից», – պարզաբանել է Քոչարյանը։
Նրա գնահատմամբ հենց սա էլ եղել է Հայաստանի իշխանությունների ուղղակի մոտիվացիան, ինչում նրանք սխալվեցին, իսկ գինը վճարեցին 120 հազար արցախցիները, որոնք փախստական դարձան։ «Հիմա նրանք Հայաստանում ծանր են ապրում, ինչ-որ ծրագրեր նրանց համար իրականացվում են, ինչ-որ միջոցներ հատկացվում են, սակայն դրանք ակնհայտորեն բավարար չեն։ Ես կարծում եմ, որ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի նրանք այստեղ չմնան․ նրանց մի մասն արդեն հեռացել է, մի մասը՝ դեռ ոչ։ Մեկ մարդու ստորագրությունը և աշխարհաքաղաքական իրավիճակի բացարձակապես սխալ ընկալումը դարձան թե՛ սխալ հաշվարկ, թե՛ միտումնավոր գործողություններ, և մենք ստացանք այս ողբերգությունը», – նշել է Ռոբերտ Քոչարյանը։
Նա կրկնել է, որ ինքը Հայաստանի նախագահներից միակն է, ում պաշտոնավարման շրջանում նույնիսկ միջին մասշտաբի սահմանային միջադեպ չի եղել։ Երկրորդ նախագահը նկատել է, որ Հայաստանի իշխանություններն այն ժամանակ ակտիվ բանակցություններ էին վարում Ադրբեջանի հետ և ակտիվորեն առաջ էին շարժվում բանակցային գործընթացում։
«Այն մասին, թե իմ գալստով պատերազմ կլինի, խոսում է մի մարդ (նկատի ունի Փաշինյանին – խմբ․), որն իր քաղաքականությամբ գործը հասցրել է երեք պատերազմի՝ հանձնելով Հայաստանի ինքնիշխան տարածքից ավելի քան 200 քառակուսի կիլոմետրը։ Այդ մարդը հրահրել է նաև Ղարաբաղյան պատերազմը», – եզրափակել է Ռոբերտ Քոչարյանը։
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
