Գանձասար, վանական համալիր Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում, պատմական Մեծ Հայքի Արցախ նահանգի Մեծ Առանք գավառում, Խաչենագետի ձախ ափին, Գանձասար լեռան վրա։ Իր անունն ստացել է Վանք գյուղի դիմաց գտնվող բլրի անունից, որի ընդերքում կան արծաթի և այլ մետաղների հանքեր։
Հայ Բագրատունիների թագավորության ժամանակաշրջանում Հայոց կաթողիկոս Անանիա Մոկացին (942-965), անհանգստացած լինելով Հայաստանի արևելյան թեմերի եկեղեցական գործերով, գալով Արցախ, Գանձասարի վանքում հրավիրեց հոգևորականության և իշխանների ժողով, որը ազգային ոգով պաշտպանեց Հայ Առաքելական եկեղեցու դավանանքի ամրությունը և անաղարտությունը։
Գանձասարն առաջնորդարան էր և Խաչենի իշխանների տոհմական տապանատունը։ Հասան-Ջալալյան տոհմի իշխանների հոգածության շնորհիվ Գանձասարը պահպանել է հոգևոր կենտրոնի իր դերը։ Վանքն ունեցել է հարուստ ձեռագրատուն, դպրանոց, որտեղ ստեղծվել են բարձրարժեք ձեռագրեր, կրթվել են հոգևոր գործիչներ, որոնք իրենց նպաստն են բերել Խաչենի և հարակից շրջանների մտավոր և մշակութային կյանքի զարգացմանը։
Գանձասարը 1400 – 1816 թվականներին Աղվանից կաթողիկոսների նստավայրն էր։ 1923 թվականից՝ Ադրբեջանին բռնակցվելուց հետո, ցավոք, չի գործել, և միայն հնարավոր է եղել այն նորոգել 1993-1997 թվականներին։ Ըստ ուսումնասիրությունների՝ 1214 թվականին Ներքին Խաչենի կամ Խոխոնաբերդի իշխանությունը Վախթանգ 2-ից (Տանգիկ) հետո ժառանգում է նրա ավագ որդին՝ Հասան (Հայկազ) Ջալալը և նրանից սերված տոհմը կոչվում է Հասան Ջալալի տոհմ։ Պատմական աղբյուրներում նրան մի շարք տիտղոսներ են տրվել՝ «Մեծ իշխան», «Իշխանաց իշխան տեր Խաչենոյ և Առանայ», «Թագավոր Ջալալ Դովլա», «Բարեպաշտ արքա Ջալալ» և այլն։ Ըստ Կիրակոս Գանձակեցու՝ նրա հայրը՝ Վախթանգ Տանգիկը, վախճանվելիս որդուն՝ Հասան Ջալալին և իր կնոջը՝ Խորիշահին, որ Բագրատունյաց տոհմից իշխանաց իշխան Սարգիս ամիրսպասալար Զաքարյանի դուստրն էր, կտակել է՝ «զի շինեսցուք եկեղեցի ի գերեզմանատ հարց մերոց ի Գանձասար», որի կառուցումն սկսվել է 1216 թվականին և ավարտվել 1238 թվականին և օծվել 1240 թվականին՝ Վարդավառի մեծ տոնին, որի ժամանակ ներկա են եղել Աղվանքի Ներսես կաթողիկոսը, Վանական Վարդապետը, իշխաններ, եպիսկոպոսներ, Հայաստանի վանքերի շատ առաջնորդներ և 700 քահանա։ Սակայն խաղաղ ժամանակներին հաջորդող դաժան օրերի ընթացքում Մամքանի փառաբանված ամուսինը՝ Ջալալը, 1261 թվականին ողբերգական վախճան է ունենում, և կինը որոշում է կառուցել Գանձասարի գավիթը, որտեղ էլ ամփոփել են ամուսնու աճյունը։
Մխիթար Գոշը և Կիրակոս Գանձակեցին վկայում են, որ Գանձասարի վանքի գավիթը եղել է իշխանական տոհմի ներկայացուցիչների գերեզմանատունը։ Գավիթը խաչվող կամարներով է ծածկված և իր հատակագծային-ծավալային հորինվածքով նման է Հաղպատի վանքի ժամատանը և Մշկավանքի գավթի ձևերին։
