Այն երեխաները, ովքեր վաղ մանկության ընթացքում կանոնավոր կերպով ավելի քիչ են քնում, քան իրենց հասակակիցները, կարող են դեռահասության և վաղ չափահասության տարիքում դեպրեսիայի զարգացման զգալիորեն ավելի բարձր ռիսկ ունենալ։ Նման եզրահանգման են եկել Բիրմինգհեմի համալսարանի հետազոտողները։
European Child & Adolescent Psychiatry բժշկագիտական հանդեսում հրապարակված աշխատանքի արդյունքները ցույց են տվել, որ մանկության տարիներին քնի կայուն կարճ տևողությունը կապված է 13-22 տարեկան հասակում դեպրեսիայի զարգացման հավանականության գրեթե կրկնապատկման հետ։
Գիտնականները վերլուծել են երկարաժամկետ հետազոտության տվյալները, որին մասնակցել է Մեծ Բրիտանիայի հարավ-արևմուտքում ծնված 15 հազար 589 երեխա։ Վերլուծության ընթացքում հաշվի են առնվել տարբեր գործոններ, դրանց թվում՝ ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակը և ծնողների առողջական վիճակը։ Քնի տևողությունը գնահատվել է մանկության մի քանի փուլերում, իսկ մասնակիցների հոգեկան վիճակն ուսումնասիրվել է դեռահասության և երիտասարդական տարիքում։
Հոգեկան առողջության հետազոտություն անցած ավելի քան 8700 մասնակիցներից մոտ 80%-ն ունեցել է դեպրեսիայի նվազագույն ախտանիշներ, մինչդեռ մոտավորապես 4.5%-ի մոտ նկատվել են կայուն բարձր դեպրեսիվ ախտանիշներ։
1756 մասնակիցների տվյալների ավելի մանրամասն վերլուծությունը ցույց է տվել, որ այն երեխաները, ովքեր դիտարկման ամբողջ ժամանակահատվածում ընդգրկված են եղել քնի ամենակարճ տևողությամբ խմբում, ապագայում զգալիորեն ավելի հաճախ են բախվել դեպրեսիայի։ Հաշվարկները ցույց են տվել շանսերի գործակիցը՝ 1.99, ինչը նշանակում է ռիսկի գրեթե կրկնապատկում։
Ըստ հետազոտության ղեկավար, դոկտոր Իզաբել Մորալես-Մունյոսի՝ քնի կայուն պակաս նկատվել է երեխաների միայն փոքր մասի շրջանում, և մասնակիցների մեծ մասը չի բախվել խրոնիկական դեպրեսիվ ախտանիշների։ Ընդսմին, արդյունքներն ընդգծում են քնի կարևոր դերը հոգեկան առողջության ձևավորման գործում։
Սկզբնաղբյուրը՝ Med.news լրատվական կայք
