Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ին դուրս թողեցին խորհրդարանից: Մինչդեռ ԲՀԿ-ն հավաքել էր անցողիկ 4 տոկոսը, սակայն իշխանությունների անմիջական հրահանգով Վահագն Հովակիմյանի ղեկավարած կառույցը, անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները, եւ 4 տոկոսը դարձավ 3,9893, ՔՊ-ն ԲՀԿ-ից գողացավ 60 հազար ձայն: Իսկ օրենքն ասում է, որ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո պարտադիր պետք է վերաքվեարկություն անցկացնել կամ նոր ընտրություններ նշանակել։ Մենք զրուցել ենք ԿԸՀ նախկին անդամ, փաստաբան Գեորգի Մարտիրոսյանի հետ:

– Փաստորեն, 60 հազար քաղաքացու ձայնն անտեսվեց ԿԸՀ-ի կողմից: 3 ընտրատեղամասի արդյունքներն անվավեր ճանաչելով եւ վերաքվեարկություն չնշանակելով՝ Վահագն Հովակիմյանը ցույց տվեց, որ իր համար կարեւորը ոչ թե քաղաքացու ընտրական իրավունքն է, այլ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունը: Ի՞նչ կարծիք ունեք այս պրոցեսների մասին: Եթե օրենքն ասում է, որ նման դեպքերում պետք է վերաքվեարկություն անցկացնել, ինչո՞ւ դա չարվեց:

– Թեպետ ես ծանոթ չեմ փաստական հիմքերին, սակայն, իմ խորին համոզմամբ, այս որոշումը բավականին խնդրահարույց որոշում է: Գուցե հիմնավոր որոշում է, գուցե` ոչ հիմնավոր, սակայն ես խնդիր եմ տեսնում:

– Ի՞նչ խնդիր: Ի դեպ, երբ Դուք ԿԸՀ անդամ էիք, լինո՞ւմ էին նման իրավիճակներ եւ այնպիսի որոշումներ, երբ ԿԸՀ բոլոր անդամներն անխտիր իշխանության օգտին որոշում կայացնեին, եւ նրանցից գոնե մեկը չհակառակվեր:

– Երբ ես ԿԸՀ անդամ էի, միաձայն որոշումներ շատ էին լինում, բայց դա չի նշանակում, որ մենք ենթարկվում էինք տվյալ ժամանակահատվածի իշխանության թելադրանքներին ու քմահաճույքին: Ինձ համար, նորից կասեմ, ԿԸՀ-ի այս որոշումը խնդրահարույց է: Մնացյալ հարցերին լավ կլինի, որ հենց ԿԸՀ անդամները պատասխանեն, քանի որ այդ հարցերն իրենց խղճին են:

– Իշխանափոխությունից հետո դադարեցվեց Ձեր անդամակցությունը ԿԸՀ-ին: Ո՞րն էր պատճառը:

– Ժամկետն էր ավարտվել, պետք է ես դիմեի Ազգային ժողով, սակայն չունեի նման ցանկություն եւ որոշեցի վերադառնալ փաստաբանական աշխատանքին:

– Թե՞ իշխանությունները չցանկացան:

– Չէ, նրանց ցանկանալ կամ չցանկանալու հարցը չէր, ես պետք է դիմում ներկայացնեի ԱԺ, իսկ ես որոշեցի, որ չպետք է ներկայացնեմ: Հարցի մյուս կողմն է` կընտրեին ինձ, թե ոչ, բայց ես՝ ինքս, չունեի այլեւս նման ցանկություն:

– Քանի որ Դուք ծանոթ եք Ընտրական օրենսգրքին, կարո՞ղ եք ասել, թե ինչ մեխանիզմներ են գործում, եւ նման դեպքերում, երբ քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվում, ի՞նչ գործընթացներ պետք է հաջորդեն:

– Օրենքն ասում է, որ վերաքվեարկություն պետք է լինի, եթե անվավեր են ճանաչվում տեղամասերի արդյունքները, կլինի երեք ընտրատեղամաս, թե ավելի: Բայց քանի որ ես փաստական հանգամանքներին ծանոթ չեմ, չեմ կարող հստակ ասել:

– Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, որ ընտրակաշառք է բաժանվել, մարդկանց շահագրգռել են եւ այլն: Փաստացի Փաշինյանը պնդում է, որ ընտրություններն ազնիվ ճանապարհով չեն ընթացել, այդ դեպքում ինչո՞ւ ընտրությունների արդյունքները ԿԸՀ-ն չի ճանաչում անվավեր:

– Երբ բարձրաձայնվում է ընտրակաշառքի մասին, ընտրության ողջ արդյունքները դրվում են կասկածի տակ, ու կապ չունի, թե այդ հայտարարությունները որ կողմից են հնչում: Անմեղության կանխավարկածի հարց կա` ընտրակաշառքի հետ կապված, դատարանի վճիռ է պետք, հարց է` կլինի՞ այն, թե՞ չի լինի կամ երբ կլինի: Ենթադրությունների վրա հիմնվել չի կարելի եւ չի կարելի ընտրությունների արդյունքները ենթադրությունների հիման վրա ճանաչել ոչ լեգիտիմ: Դատական ակտ է հարկավոր` ուժի մեջ մտած, որտեղ կնշվի, որ կոնկրետ ինչ-որ ուժեր ընտրակաշառք են բաժանել:

– Իսկ եթե նման վճիռ լինի մի քանի տարի անց, այսինքն` անիմա՞ստ է դառնում պրոցեսը:

– Նման դեպք եղել է Գերմանիայում, բայց ոչ ընտրակաշառքի հետ կապված: Անգամ կուլտուրական գերմանացիները չգիտեին ինչ անել այդ վճռի հետ, ուր մնաց՝ մենք հասկանանք, թե ինչ ենք անելու: Գերմանիայում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, սակայն երեք տարի անց պարզվեց, որ ընտրված համայնքի ղեկավարն իրավունք չուներ պաշտոնավարելու: Կուլտուրական Գերմանիան կրակն էր ընկել, չգիտեր ինչ անել, համայնքապետի որոշումները չգիտեին անգամ՝ իրավաչա՞փ համարել, թե՞ ոչ, Հայաստանի պարագայում բարդ է ասելը:

– Դուք նորմա՞լ եք համարում, որ ԿԸՀ նախագահը կուսակցական է, թեկուզ ոչ դե ֆակտո, սակայն դե յուրե, եւ ենթարկվում է Փաշինյանին:

– Օրենքն այլ բան է ասում: ԿԸՀ նախագահը պետք է լինի անաչառ եւ չհարի որեւէ կուսակցության:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *