Ուկրաինան մինչև 2026 թվականի վերջը կարտադրի առնվազն 10 միլիոն անօդաչու թռչող սարք, սակայն երկիրն ունի այդ ցուցանիշը կրկնապատկելու հնարավորություն։ Այս մասին «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովի շրջանակում ունեցած հանդիպումների արդյունքներով հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ երկիրը զգալի առաջընթաց ունի նաև MilTech-ի (ռազմական տեխնոլոգիաների) ոլորտում, որը ներառում է անօդաչու համակարգերի, ռոբոտատեխնիկայի, ծրագրային ապահովման, արհեստական բանականության կիրառմամբ լուծումների և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների մշակումը։
Զելենսկին նշել է, որ Ուկրաինան կշարունակի հեռահար ԱԹՍ-ներով հարվածներ հասցնել Ռուսաստանի էներգետիկ և ռազմական օբյեկտներին, և կոչ է արել դաշնակիցներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ավելի ակտիվորեն մղել դեպի խաղաղություն։ «Նա չի ցանկանում կանգնեցնել պատերազմը։ Պետք է ուժեղացնել նրա վրա գործադրվող ճնշումը», — ասել է ուկրաինական առաջնորդը։
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
