Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Նազարյանն առաջարկում է փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում՝ կարգավորելու տոնացույցում առկա մի շարք հարցեր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նազարյանն այս մասին ասաց Ազգային ժողովի նիստում՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով օրենքում փոփոխություններ առաջարկող նախագիծը։
Պատգամավորի խոսքով՝ գործող օրենքն ունի կարգավորման կարիք։
«ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքն այն տեսքով է, որը պատշաճ չէ իրեն հարգող պետությանը։ Փորձել եմ կարգավորել այդ խառնաշփոթը»,-ասաց Նազարյանը։
Նախագծով առաջարկվում է Կինոյի օրը նշել ապրիլի 13-ին՝ ներկայում գործող ապրիլի 16-ի փոխարեն։ Նազարյանի խոսքով՝ օրը կապված է «Նամուս» ֆիլմի առաջին ցուցադրման հետ, որն, ըստ նրա, տեղի է ունեցել ապրիլի 13-ին։
Պատգամավորն առաջարկում է նաև Քաղաքացու օրվա համար սահմանել հստակ օր, քանի որ այն պարբերաբար համընկնում է Ապրիլի 24-ի և Մայիսի 1-ի հետ։
Սկզբնաղբյուրը՝ Armenpress լրատվական կայք
