Բաքվի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«ԱԻՆ թեժ գծին տեղեկություն է ստացվել Բաքվի Նիզամիի շրջանում գտնվող նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհի մասին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել Պետական հրդեհային պահպանության ծառայության ստորաբաժանումները։
Ավելի ուշ «SOCAR Downstream MMC» ընկրությունը հայտնել է, որ նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհը մարվել է։ Ըստ ընկերության տվյալների՝ հրդեհը տեղի է ունեցել թիվ 31 կատալիտիկ ռիֆորմինգի տեղակայանքում։
«ԱԻՆ պետական հրդեհային պահպանության ծառայության օպերատիվ գործողությունների շնորհիվ հրդեհը լիովին մարվել է։ Գործարանի աշխատանքը շարունակվում է անվտանգության կանոններին համապատասխան կերպով, արտադրական գործընթացում որևէ խափանում չկա»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հրդեհի պատճառները պարզելու համար քննություն է ընթանում։
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
