ԳՊՊ-1-ի (Գլյուկագոնանման պեպտիդ-1 — խմբ․) ռեցեպտորների ագոնիստների դասին պատկանող դեղամիջոցները, որոնք վերջին տարիներին լայն ճանաչում են ձեռք բերել երկրորդ տիպի դիաբետի և գիրության բուժման շնորհիվ, կարող են օգտակար լինել նաև մաշկի որոշ քրոնիկական հիվանդությունների դեպքում։ Այսպիսի եզրահանգման են եկել հետազոտողները, որոնք արդի տվյալների համապարփակ վերլուծություն են հրապարակել Pharmaceutics ամսագրում։

Խոսքն այն դեղերի մասին է, որոնց ակտիվ նյութը պատկանում է գլյուկագոնանման պեպտիդ-1-ի ռեցեպտորների ագոնիստների խմբին։ Դրանցից են, օրինակ, Սեմագլուտիդը և Լիրագլուտիդը։ Ի սկզբանե դրանք ստեղծվել են արյան մեջ շաքարի մակարդակը վերահսկելու և քաշը նվազեցնելու համար, սակայն ավելի ու ավելի շատ հետազոտություններ են մատնանշում դրանց հակաբորբոքային հատկությունները։

Այս դեղամիջոցների նկատմամբ դերմատոլոգների հետաքրքրությունն առաջացել է դիաբետ և գիրություն ունեցող պացիենտների դիտարկումներից հետո։ Բժիշկները նկատել են, որ բուժմանը զուգահեռ որոշ մարդկանց մոտ ոչ միայն բարելավվել են նյութափոխանակության ցուցանիշները, այլև նվազել է մաշկային հիվանդությունների, առաջին հերթին՝ փսորիազի արտահայտվածությունը։

Ավելի ուշ պարզվել է, որ ԳՊՊ-1 ռեցեպտորներ առկա են ոչ միայն ենթաստամոքսային գեղձում ու ստամոքս-աղիքային տրակտում, այլև իմունային համակարգի բջիջներում։ Այս հայտնագործությունը թույլ է տվել ենթադրել, որ դեղամիջոցներն ունակ են ուղղակիորեն ազդել քրոնիկական բորբոքման վրա, որն ընկած է բազմաթիվ մաշկային հիվանդությունների հիմքում։

Գիտնականներն առանձնակի ուշադրություն են դարձնում փսորիազին, ատոպիկ դերմատիտին և թարախային հիդրադենիտին։ Չնայած ախտանիշների տարբերությանը՝ այս բոլոր հիվանդություններին միավորում է մեկ ընդհանուր գործոն՝ իմունային համակարգի մշտական գերակտիվացումը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ ԳՊՊ-1 ռեցեպտորների ագոնիստները կարող են ազդել մակրոֆագերի, նեյտրոֆիլների և T-լիմֆոցիտների վրա, ինչպես նաև նվազեցնել բորբոքային մոլեկուլների արտադրությունը, ինչպիսիք են ուռուցքի նեկրոզի գործոն ալֆան, ինտերլեյկին-6-ը և ինտերլեյկին-17-ը։

Այսօրվա դրությամբ ամենահամոզիչ տվյալները նշված են հենց փսորիազի վերաբերյալ։ Մի շարք հետազոտություններում սեմագլուտիդ կամ լիրագլուտիդ ստացած պացիենտների մոտ նկատվել է մաշկի վիճակի բարելավում։ Այդուհանդերձ, գիտնականներն ընդգծում են, որ դեռևս դժվար է հստակեցնել՝ արդյունքի որ մասն է պայմանավորված դեղամիջոցների ուղղակի հակաբորբոքային ազդեցությամբ, և որ մասը՝ քաշի կորստով ու նյութափոխանակության բարելավմամբ։

Հեռանկարային ուղղություն է համարվում նաև ատոպիկ դերմատիտի բուժումը։ Փորձարարական հետազոտությունները ցույց են տալիս, որ այս դեղերը կարող են ազդել բորբոքային մեխանիզմների վրա և նպաստել վնասված հյուսվածքների վերականգնմանը։ Սակայն կլինիկական տվյալները դեռևս բավարար չեն վերջնական եզրահանգումներ անելու համար։

Հակաբորբոքային ազդեցությունից զատ, հետազոտողները նշում են ևս մեկ պոտենցիալ առավելություն։ Ի հայտ են գալիս տվյալներ այն մասին, որ ԳՊՊ-1 դեղամիջոցներն ունակ են բարելավել հյուսվածքների արյունամատակարարումը և արագացնել վերքերի լավացումը։ Սա հատկապես կարևոր է դիաբետով հիվանդների համար, որոնց շրջանում քրոնիկական խոցերն ու վատ լավացող վերքերը շարունակում են մնալ լուրջ բժշկական խնդիր։

Ակնարկի հեղինակները շեշտում են, որ փսորիազի կամ ատոպիկ դերմատիտի բուժման ժամանակակից մեթոդները սրանցով փոխարինելու մասին խոսելը դեռ վաղ է։ Ներկա փուլում նման դեղամիջոցները դիտարկվում են ավելի շուտ որպես հավելյալ թերապիա, հատկապես այն պացիենտների համար, ում մոտ մաշկային հիվանդությունները զուգակցվում են գիրության կամ դիաբետի հետ։

Այնուամենայնիվ, արդյունքները խոստումնալից են։ Եթե հետագա կլինիկական հետազոտությունները հաստատեն այսօրվա դիտարկումները, ապա նյութափոխանակության խանգարումների բուժման համար մշակված դեղերը կարող են դառնալ քրոնիկական հիվանդությունների բուժման միասնական մոտեցման շրջանակներում դերմատոլոգիայի, իմունոլոգիայի և դիաբետոլոգիայի միավորման ամենահետաքրքիր օրինակներից մեկը։

Սկզբնաղբյուրը՝ Med.news   լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *