Մոսկվան վերջին հինգ օրվա ընթացքում արդեն երրորդ անգամ է ենթարկվել անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։ Հունիսի 22-ին՝ ժամը 3:00-ից մինչև 10:00-ն ընկած ժամանակահատվածում, քաղաքին մոտենալիս 80 դրոն է խոցվել։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Նա տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չի տրամադրել՝ միայն նշելով, որ բեկորների ընկնելու վայրերում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները։ «Ռոսավիացիա»-ն հայտնել է, որ «Շերեմետևո» օդանավակայանում թռիչքների սահմանափակումներ են մտցվել, իսկ «Վնուկովո»-ն ու «Դոմոդեդովոն» չվերթներն ընդունում և ճանապարհում են համաձայնեցված ռեժիմով։ «Աերոֆլոտ» ընկերությունն իր հերթին հայտարարել է չվացուցակի փոփոխության և մի շարք չվերթների չեղարկման մասին։
Ուկրաինական «Exilenova+» և «Supernova+» մոնիթորինգային ալիքները տեսանյութեր են հրապարակել, որոնցում երևում են Մոսկվայի մարզի տարբեր քաղաքների վրայով թռչող դրոնները։ Բացի այդ, ականատեսները պատմել են «Սադովոդ» շուկայի մոտակա կամրջի վրա ՀՕՊ շարժական համալիրի տեղակայման մասին։ Հատկանշական է, որ հունիսի 18-ի հարձակումից հետո այս շուկայի մեկ հինգերորդ մասն ամբողջությամբ այրվել էր։ Ներկայում առևտրի հարթակը չի գործում. այն փակ կլինի առնվազն մինչև չորեքշաբթի։ Նախորդ անգամ ուկրաինական զինուժը Մոսկվան զանգվածային հարձակման էր ենթարկել հունիսի 19-ին։ Այդ ժամանակ Սոբյանինը հայտնել էր 76 դրոնի ոչնչացման, ինչպես նաև տուժածների ու ավերածությունների բացակայության մասին։ Իսկ հունիսի 18-ին՝ հինգշաբթի օրը, տեղի էր ունեցել պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանի մայրաքաղաքի վրա ամենամեծ հարձակումը, որի ընթացքում խոցվել էր 194 անօդաչու թռչող սարք։
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
