Ռուսաստանի իշխանությունները պատրաստվում են Հնդկաստանից բենզինի լայնամասշտաբ ներկրում սկսել՝ երկրում վառելիքի դեֆիցիտը փակելու համար։ Այս մասին վկայում է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որն ուղղված է վառելիքի շուկայի կայունացմանը։ Ինչպես հաղորդում է РБК-ն, փաստաթուղթը նախատեսում է բյուջեից սուբսիդիաներ տրամադրել այն նավթային ընկերություններին, որոնք բենզին են գնում արտերկրից։ Դրանք գործելու են դեմպֆերային մեխանիզմի շրջանակներում, որը գործարկվել է 8 տարի առաջ՝ վառելիքի մանրածախ գները զսպելու նպատակով։
ԵԱՏՄ սահմաններից դուրս արտադրված ներկրվող բենզինի համար սուբսիդիաների չափը հաշվարկվելու է հնդկական շուկայում բենզինի ինդիկատիվ գնի և Հնդկաստանի նավահանգիստներից դրա տեղափոխման ծախսերի հիման վրա։ Նախօրեին օրինագծին հավանություն է տվել Պետդումայի բյուջեի և հարկերի հարցերով կոմիտեն. այն կարող է միանգամից ընդունվել երկրորդ և երրորդ ընթերցմամբ արդեն չորեքշաբթի օրը,-նշել է РБК-ի աղբյուրը։
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
