Մի ժամանակ խալերն ու տարբեր տեսակի նշանները, թե տղամարդկանց, թե կանանց համար հանդիսանում էին լավագույն զարդը: Կանայք իրենց դեմքին արհեստական խալեր էին նկարում, իսկ այսօր նորաձևության պահանջները բոլորովին այլ են` խալերի նկատմամբ, կարելի է ասել, որս են սկսել: Մասնագետները գտնում են, որ խալերը կոսմետիկական արատներ են: Խալեր կարող են առաջանալ սկսած մարդու ծննդյան օրից մինչև նրա ծերությունը, և իրենց էությամբ դրանք առանձնապես վնասակար կամ վտանգավոր չեն: Դրանք շոշափելիս կարելի է զգալ կամ չզգալ` կարող է լինել մաշկի տակ կամ մաշկից մի քիչ բարձր: Իհարկե, խալերը, որոշ գործոնների ազդեցությունից, բարորակ գոյացությունից կարող են վերափոխվել չարորակի:

Պոկված խալը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ, ու բավականին երկար բուժման անհրաժեշտություն կզգացվի: Պետք է աշխատել արագ հեռացնել այն խալերը, որոնք անընդհատ մենք ինչ-ինչ պայմաններում վնասում ենք` գոտիով, ուսակապով, վզնոցով կամ հագուստի այլ էլեմենտներով, հատկապես, եթե այն մի քանի անգամ արյունահոսել կամ բորբոքվել է:

Ավելի լավ է ազատվել այն խալերից, որոնք հնարավոր չէ հագուստով պաշտպանել արևից: Հավանականությունը մեծ է, որ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից արդեն մի քանի անգամ այրված խալը կարող է վերածվել չարորակ նորագոյացության: Երբեք պետք չէ ինքնուրույն փորձել ազատվել խալերից: Ժողովրդական մեթոդներով երբեմն վերացնում են խալերը, բայց հնարավոր հետևանքների համար ոչ ոք պատասխանատու չէ: Ուռուցքաբանները ամեն օր ընդունում են նման ինքնաբուժության զոհերի: Կարելի է ասել՝ այսօր գրեթե յուրաքանչյուր գեղեցկության սրահում առաջարկում են նման ծառայություններ` խալերը հեռացնելու: Բայց այնքան էլ խելամիտ չէ առողջությունը վստահել, ասենք, եռամսյա դասընթացներ անցած կոսմետոլոգին:

Անցանկալի խալերից պետք է ազատվել միայն բժշկի օգնությամբ, ով ունի համապատասխան մասնագիտություն ու փորձ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *