Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։
Միջոցառման ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որում մասնավորապես նշել է.
«Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործերի հավատարմատար, հարգարժան պարոն Ալեն, Ձերդ Գերազանցություններ, Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 250-ամյա հոբելյանի առթիվ:
Դեռևս 250 տարի առաջ ազատության, անկախության և հավասարության արժեքները հիմք դարձան Ամերիկայի Միացյալ Նահանգներ պետության ստեղծման ու կայուն զարգացման համար։ Այդ արժեքները մինչև այսօր կարևոր դեր ունեն ԱՄՆ միջազգային հեղինակության և Հայաստանի հետ ամուր բարեկամության խորացման գործում։
Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների հարուստ օրակարգում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում 2025 և 2026 թվականների մեր երկկողմ հարաբերությունների կարևոր ձեռքբերումները։ 2025 թվականի օգոստոսի 8-ին՝ ԱՄՆ նախագահի վկայությամբ, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի միջև ստորագրված համատեղ հռչակագիրը դարձավ կարևոր հանգրվան՝ նշանակալի ազդեցություն ունենալով ինչպես կողմերի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար։
