Թալինի բնակիչ 10-ամյա Դավիթ Աբրահամյանը Գինեսի ռեկորդակիր է։ Նա 6,5 կմ/ժ արագությամբ ընթացող վազքուղու վրա 1 ոտքով անընդմեջ ցատկել է 191 անգամ։ Նա մեկ տարի առաջ պարզապես մարզվելու նպատակով սկսեց հաճախել Թալինի «Հայ-Էմ-Դյուցազնատուն» մարզական կենտրոն, որտեղ կենտրոնի տնօրեն, Գինեսի բազմակի ռեկորդակիր Ռոման Սահրադյանն օգնեց բացահայտել նրա ընդունակությունները։
««Հայ-Էմ-Դյուցազնատուն» կենտրոնի մասին իմացել եմ իմ ընկերներից, ու շատ էի ցանկանում հաճախել։ Սկզբում եկա ուղղակի մարզվելու համար, բայց ընկեր Ռոմանը ինձ շատ ոգեշնչեց ու օգնեց, որ սահմանեմ Գինեսի ռեկորդ, ինչի համար շատ շնորհակալ եմ»,- «Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Գինեսի ռեկորդակիր Դավիթը։
Դավիթը նկատեց, որ Գինեսի ռեկորդ սահմանելուց հետո ընկերների շրջանում վերաբերմունքը փոխվել է, որոշները ցանկություն են հայտնել հաճախել «Հայ-Էմ-Դյուցազնատուն» մարզական կենտրոն, փորձել հաջողություններ գրանցել։
«Շատ ոգևորիչ է այս ամենը, որովհետև քչերն են կարողանում Գինեսի ռեկորդ սահմանել։ 10 տարեկանում, իհարկե, ինձ համար շատ բարդ էր, դժվար աշխատանք էր սպասվում, բայց հաղթահարեցինք»,-ասաց Դավիթ Աբրահամյանը։
«Հայ-Էմ» հիմնադրամի «Հայ-Էմ-Դյուցազնատուն» մարզական կենտրոնի տնօրեն, Գինեսի բազմակի ռեկորդակիր Ռոման Սահրադյանը հիշեցրեց, որ այս վարժությունում ռեկորդ սահմանել էր Նարեկ Գլճյանը 7 տարեկանում։ Դավիթն այսօր գերազանցել է նրա ցուցանիշը։
Նոր ռեկորդները դեռ առջևում են։ Առաջիկա օրերին մարզական կենտրոնում կանցկացվի հանդիսավոր միջոցառում, որտեղ 14 մարզիկներ կփորձեն սահմանել Հայկական Դյուցազնագրքի 17 ռեկորդ, որից 7-ը լինելու է նաև Գինեսի համաշխարհային ռեկորդ։
