Ռուսաստանի գրեթե բոլոր տարածաշրջաններն ընդգրկած վառելիքային ճգնաժամը հարվածել է ավտոմոբիլային բեռնափոխադրումներին։ «Առանձին շրջաններում, հատկապես Սիբիրում, Ռուսաստանի հարավում և մի շարք սահմանամերձ մարզերում, նկատվում են լիցքավորման սահմանափակումներ և վառելիքի մատակարարման խափանումներ, ինչը բարդացնում է չվերթների պլանավորումը»,- պատմել է «VIG Trans» ընկերության հիմնադիր Իգոր Ռեբելսկին։ «Օպտիմալոգ» լոգիստիկ ընկերության ղեկավար Գեորգի Վլաստոպուլոն նշել է, որ լիցքավորման կայաններում հերթ կանգնելու ժամանակը երբեմն հասնում է օրերի, ինչի հետևանքով, օրինակ, չինական ուղղությամբ բեռնատարների օրական վազքը 600–700 կիլոմետրից նվազել է մինչև 500 կիլոմետրի։
Դրան զուգահեռ՝ վառելիքային ընկերությունները սկսել են վերանայել ու չեղարկել փոխադրողների համար նախատեսված բոնուսային ծրագրերը։ Եթե նախկինում նրանք լիցքավորման կայաններում ստանում էին մինչև 16% զեղչեր, ապա այժմ այդ դիսկոնտը կրճատվել է մինչև 3,5%, ասում է «Բայտ Տրանզիտ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Շպիկելը։ Միևնույն ժամանակ, «ՊԷԿ» ընկերության փոխտնօրեն Վադիմ Ֆիլատովի խոսքով, մանր փոխադրողներին, որպես ֆիզիկական անձանց, բաց են թողնում ոչ ավելի, քան 60 լիտր վառելիք։ Սրա պատճառով բեռնատարների լրացուցիչ լիցքավորման հաճախականությունն աճել է 1,5-ից 3 անգամ։ «Արդյունքում փոխադրողները բախվել են ծախսերի ավելացման, մեքենաների վազքի մեծացման և գազալցակայանների ու բենզալցակայանների հերթերում պարապուրդի ժամանակի աճի հետ»,- նշել է Ֆիլատովը։ Այս ամենի ֆոնին տրանսպորտային ընկերություններն արդեն սկսել են բարձրացնել փոխադրումների սակագները (10%-ի սահմաններում)։
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
