Հայաստանի Հանրապետության կառավարությունն անդրադարձել է IMEI համարների գրանցման համակարգին՝ նշելով, թե ինչ է փոխվելու և ինչու է դա կարևոր։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կառավարության տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ կարգավորումը միտված է՝ նվազեցնելու ապօրինի ներմուծված բջջային հեռախոսների շրջանառությունը։
«Հայաստանում նախատեսվում է ներդնել IMEI համարների գրանցման համակարգ, որի նպատակը բջջային հեռախոսների օրինական շրջանառության ապահովումն է:
Կարգավորումը միտված է՝ նվազեցնելու ապօրինի ներմուծված բջջային հեռախոսների շրջանառությունը, ապահովելու հավասար և արդար մրցակցային պայմաններ օրինական ներմուծողների համար, պաշտպանելու սպառողներին կեղծ կամ փոփոխված IMEI համարներով հեռախոսներից, ներդնելու բջջային հեռախոսների հաշվառման միասնական շտեմարան։
Միաժամանակ կարևոր է ընդգծել, որ նախաձեռնությունը կապ չունի քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման կամ վերահսկողության հետ։ Ստեղծվող շտեմարանում պահպանվելու է միայն սարքի 15-նիշանոց IMEI համարը՝ առանց որևէ անձնական տվյալների»,– ասված է հաղորդագրության մեջ։
Նախաձեռնության վերաբերյալ հանրային քննարկումների ընթացքում հնչել են տարբեր հարցեր և մտահոգություններ։ Կառավարությունը ներկայացրել է դրանցից ամենահաճախ հնչող կարծիքներն ու փաստարկված պարզաբանումները։
