«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի զարգացման առաջնահերթ ուղղություններից են ժամանակակից սարքավորումներով հագեցումը, մանկաբուժական ծառայությունների կատարելագործումը և ապագա մասնագետների պատրաստումը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում գլխավոր բժիշկ Թագուհի Ստեփանյանն անդրադարձել է նաև հիվանդանոցի առանձնահատկություններին, մանկական առողջապահության մարտահրավերներին և առաջիկա ծրագրերին։

-«Մուրացան» համալսարանական հիվանդանոցը երկար տարիներ համարվում է Հայաստանի կարևորագույն մանկական բուժհաստատություններից մեկը։ Ի՞նչն է այսօր այն առանձնացնում մյուս բժշկական կենտրոններից։

-«Մուրացան» համալսարանական հիվանդանոցն իր գործունեության սկզբից եղել է մանկական բուժհաստատություն։ Խորհրդային տարիներից այն գործել է որպես մանկական հիվանդանոց և, բացառությամբ կարճ ժամանակահատվածի, երբ ունեցել է նաև մեծահասակների բաժանմունք, մշտապես պահպանել է իր մանկական ուղղվածությունը։

Այսօր ևս մեր գլխավոր առանձնահատկությունն այն է, որ բազմապրոֆիլ մանկական հիվանդանոց ենք։ Հայաստանում գործող մանկական մասնագիտացված բուժկենտրոնների շարքում «Մուրացանը» շարունակում է կարևոր դեր ունենալ՝ տրամադրելով երեխաներին բնորոշ հիվանդությունների ամբողջական ախտորոշում և բուժում։

Դուք վերջերս եք ստանձնել գլխավոր բժշկի պաշտոնը։ Որո՞նք են այն առաջնահերթ փոփոխությունները, որոնք նախատեսում եք իրականացնել առաջիկա տարիներին։

-Մեզ համար առաջնային են այն բարեփոխումները, որոնք կնպաստեն հիվանդանոցի հետագա զարգացմանը։ Առաջին հերթին խոսքը վերաբերում է տեխնիկական վերազինմանը։ Ժամանակակից սարքավորումներով համալրվելը հնարավորություն կտա տեղում իրականացնել ավելի մեծ թվով հետազոտություններ և բուժական միջամտություններ։

Մեր հիվանդանոցում աշխատում են բարձրակարգ և իրենց գործին նվիրված մասնագետներ։ Համոզված եմ, որ փորձառու բժշկական անձնակազմի և ժամանակակից տեխնոլոգիաների համադրումը զգալիորեն կբարձրացնի բուժօգնության արդյունավետությունը։

Զարգացումները վերաբերում են բոլոր ուղղություններին՝ վիրաբուժությանը, վերակենդանացման ծառայությանը, ախտորոշմանը և մյուս բաժանմունքներին։ Բժշկությունն այսօր շատ արագ է զարգանում, և նոր տեխնոլոգիաների ներդրումն այլևս անհրաժեշտություն է։

Որպես բազմապրոֆիլ մանկական հիվանդանոց՝ մենք ունենք ընդհանուր, դիմածնոտային, կրծքային և այլ վիրաբուժական ծառայություններ, ուստի յուրաքանչյուր ոլորտում անհրաժեշտ է ապահովել ժամանակակից տեխնիկական հագեցվածություն, որը կօգնի մեր մասնագետներին առավել արդյունավետ իրականացնել իրենց աշխատանքը։

– Որպես համալսարանական հիվանդանոց՝ ինչպե՞ս է համատեղվում բուժական աշխատանքն ու ապագա բժիշկների կրթությունը։

-Համալսարանական կլինիկայի կարգավիճակը մեզ համար մեծ պատասխանատվություն է։ Մեր բժիշկների գերակշիռ մասն ավարտել է մայր բուհը, և շարունակական կրթությունը մեր գործունեության կարևոր բաղադրիչներից է։

Հիվանդանոցում ուսանողները մասնակցում են գործնական ուսուցմանը, ծանոթանում մանկաբուժության առանձնահատկություններին և ձեռք բերում մասնագիտական հմտություններ։

Այսօր մանկաբուժական ծառայությունն ունի մասնագետների համալրման անհրաժեշտություն, ուստի առանձնահատուկ կարևորում ենք մանկաբուժական դպրոցի ստեղծման գաղափարը, որն արդեն իրականացվում է մեր հիվանդանոցի մասնագետների մասնակցությամբ։ Վստահ ենք, որ այն կնպաստի մանկաբույժների թվի ավելացմանն ու ոլորտի զարգացմանը։

Միաժամանակ համալսարանի ղեկավարության նախաձեռնությամբ համագործակցություն է հաստատվել արտասահմանյան առաջատար համալսարանական կլինիկաների հետ, ինչը հնարավորություն կտա ուսանողներին կատարելագործել իրենց գիտելիքները նաև արտերկրում և հետագայում այդ փորձը կիրառել Հայաստանում՝ ի շահ մեր երեխաների։

– Վերջում ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին։

Ամենակարևոր մաղթանքս մեկն է՝ առողջ լինեն մեր երեխաները։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *