Հետազոտությունը, որն իրականացվել է Ռաթգերսի համալսարանի հետազոտողի ղեկավարությամբ և որը հրապարակվել է JMIR Aging ամսագրում, պարզել է, որ տարեց մարդկանց կողմից սմարթֆոնների կոմպուլսիվ օգտագործումը կարող է կապված լինել դեպրեսիայի առաջացման ավելի բարձր ռիսկի հետ։
Գիտնականներն ընդգծել են, որ սմարթֆոններն ինքնին վնասակար չեն. դրանց ազդեցությունը հոգեկան առողջության վրա կախված է նրանից, թե ինչպես է մարդը դրանք օգտագործում։ Տարբերությունն ակտիվ սոցիալական փոխազդեցության և էկրանի առջև անցկացրած պասիվ, կոմպուլսիվ ժամանակի մեջ է։
Իրենց վերլուծության համար հետազոտողներն օգտագործել են մեքենայական ուսուցման մեթոդներ՝ դեպրեսիայի հետ առավել սերտորեն կապված գործոնները բացահայտելու համար։ Ամենաուժեղ գործոններից մեկը ցածր սոցիալական ակտիվությունն է եղել, որին հաջորդել է կոմպուլսիվ սմարթֆոնային կախվածությունը, որը սահմանվում է որպես սարքերի՝ առօրյա կյանքը խաթարող չափից շատ օգտագործում։
Հատկապես խոցելի էին տարեցները, որոնք հազվադեպ են օգտագործում ակտիվ հաղորդակցման գործառույթներ, ինչպիսին են հեռախոսազանգերը, տեսազանգերը և հաղորդագրությունները, փոխարենը շատ ժամանակ անցկացնելով բովանդակության պասիվ սպառման վրա՝ դիտելով տեսանյութեր, լրահոս և խաղալով խաղեր: Այս վարքագիծը կապված է եղել սոցիալական մեկուսացման աճի հետ։
Հետազոտության հեղինակներից մեկի՝ Չիեն-Չուն Հուանգի խոսքով՝ սմարթֆոնը կարող է կատարել երկու հակադիր դեր՝ կամ ծառայել որպես գործիք սիրելիների հետ կապվելու համար, կամ դառնալ իրականությունից և սոցիալական կյանքից փախչելու մեխանիզմ։
Հետազոտությունը նաև բացահայտել է բարձր ռիսկի երկու խմբեր: Առաջինը ցածր կրթական մակարդակ ունեցող և սահմանափակ թվային հմտություններ ունեցող տարեց տղամարդիկ են: Նրանց համար ժամանակակից հավելվածների բարդությունը կարող է մեծացնել կախվածությունը սմարթֆոնի պասիվ օգտագործումից, ինչը նվազեցնում է հաղորդակցության մակարդակն իրական կյանքում։
Երկրորդ խումբը բարձր եկամուտ և կրթություն ունեցող տարեցներն են, որոնք ևս ցուցաբերել են սմարթֆոնային կախվածություն: Սա վկայում է այն մասին, որ նույնիսկ տեխնոլոգիաների հասանելիությունը և բարձր սոցիալ-տնտեսական կարգավիճակը չեն պաշտպանում միայնությունից, եթե թվային վարքագիծը փոխարինում է առերես շփումներին:
Հեղինակներն ընդգծել են, որ հետազոտությունը չի ապացուցում պատճառահետևանքային կապը. դեպրեսիան կարող է սրվել սմարթֆոնային կախվածությունից, կամ այն ինքնին կարող է հանգեցնել հեռախոսի առջև անցկացրած ժամանակի ավելացմանը։ Հավանական է, որ այս գործոնները փոխադարձաբար լրացնում են միմյանց։
Սկզբնաղբյուրը՝ Med.news լրատվական կայք
