Վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցերում տարածվում են պնդումներ, թե Երևանի խմելու ջրի մատակարարման ժամանակացույցը խախտվել է, և «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի ապրիլի 3-ին հրապարակած ժամանակացույցը փոխվել ու վատթարացել է։
ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեն և «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն պաշտոնապես հայտարարել են, որ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը։
«Հիշեցնենք, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն 2025թ. նոյեմբերին և 2026թ. փետրվարին հրապարակել էր ժամանակացույցեր, որոնց համաձայն՝ 2026թ. մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 16-ը Երևան քաղաքի բազմաթիվ բաժանորդների ջրամատակարարումը պիտի կրճատվեր մինչև օրական 17 ժամ։
Կառավարության միջամտության արդյունքում Ջրային կոմիտեն և «Վեոլիա ջուր» ընկերությունը վերանայել և լավարկել էին հրապարակված ժամանակացույցը` ստանձնելով հանձնառություն՝ բազմապատկված ջանքեր է գործադրել հետեւյալ երկու ուղղություններով.
Երևան քաղաքում իրականացվող ջրամատակարարման համակարգերի և բաշխիչ ցանցերի կապիտալ հիմնանորոգման աշխատանքներ,
նոր ջրաղբյուրների հայտնաբերում և նոր ջրածավալների տեղափոխում Երևան քաղաք։
Արդյունքում գոհունակությամբ արձանագրում ենք, որ ս.թ. հուլիսի 2-ի դրությամբ Երևան քաղաքի բաժանորդները շարունակում են օգտվել ջրամատակարարման այն նույն ժամանակացույցից, որը գործում էր մինչև մայիսի 1-ը, այսինքն՝ ապրիլի 3-ին հրապարակված ժամանակացույցը դեռևս ուժի մեջ չի մտել, քանի որ «Վեոլիա ջուր» ընկերությանը և Ջրային կոմիտեին հաջողվել է արագացված տեմպերով իրականացնել վերոնշյալ աշխատանքները։
Մասնավորապես ՀՀ կառավարության և «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի միջև կնքված համաձայնագրի շրջանակում գրեթե ավարտին են հասցվել շուրջ 11 միլիարդ դրամի կապիտալ աշխատանքներ Երևանի Նուբարաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն վարչական շրջաններում, ինչպես նաև մի շարք մարզերում։ Ի լրումն՝ ինտենսիվ աշխատանքներ են իրականացվել և իրականացվում երեք նոր աղբյուրներից ջրային ռեսուրսների Երևան տեղափոխման ուղղությամբ։
Հարկ ենք համարում ընդգծել, որ վերջին երկու օրերին Երևանի Արաբկիր, Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում արձանագրված ջրանջատումների պատճառը ոչ թե գործող ժամանակացույցն է, այլ «Արզնի 1» ջրատարի վթարված հատվածի նորոգումը. մասնավորապես Պտղնիի ձորում 900 մմ տրամագծով ջրատարի 90 գծամետր հատվածը փոխարինվել է 1000 մմ տրամագծով պողպատե խողովակաշարով։
Հայտարարված մինչև 36-ժամյա ջրանջատման տևողությունը պայմանավորված էր ոչ միայն բուն վերանորոգման աշխատանքներով, այլև ջրատարի և ջրավազանների վերալցման տեխնոլոգիական գործընթացով, որը ևս մի քանի ժամ է պահանջում։
Հուլիսի 2-ի դրությամբ նորոգման աշխատանքներն ավարտված են, ընթանում է ջրավազանների ջրալցումը, և Արաբկիր, Կենտրոն ու Էրեբունի վարչական շրջաններում կանոնավոր ջրամատակարարումը կվերականգնվի հայտարարված ժամկետում։
Հորդորում ենք առաջնորդվել բացառապես պաշտոնական տեղեկատվությամբ և ջրամատակարարման վերաբերյալ տեղեկություններ ստանալ Ջրային կոմիտեի և «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի պաշտոնական հաղորդագրություններից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
