Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում չի շարունակի լինել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ռուբինյանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։

«Քանի որ ես Ազգային ժողովի նախագահի թեկնածու եմ ընտրվել, այդ պաշտոնում ընտրվելու դեպքում ակնհայտորեն չեմ շարունակելու Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ լինել»,- ասաց Ռուբինյանը։

Հարցին, թե ո՞վ կարող է նրան փոխարինել այդ պաշտոնում, Ռուբինյանը պատասխանեց, որ այս պահին տեղեկություն չունի։

«Որքան տեղյակ եմ, դեռ պարզ չէ, թե ով է լինելու։ Բնականաբար, վարչապետը և կառավարությունը կորոշեն»,- նշեց ԱԺ փոխնախագահը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը փակ գաղտնի քվեարկությամբ Հայաստանում նոր ձևավորվելիք խորհրդարանի ղեկավարի պաշտոնի թեկնածու է ընտրել Ռուբեն Ռուբինյանին, որը ներկայում զբաղեցնում է ՀՀ ԱԺ փոխնախագահի պաշտոնը, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի ներկայացուցիչն է։ 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *